Մատչելիության հղումներ

Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց նախարարի պաշտոնից


Մանե Թանդիլյան, արխիվ
Մանե Թանդիլյան, արխիվ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել Մանե Թանդիլյանը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:

«Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։

Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։ Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում»,- գրում է Թանդիլյանն ու շարունակում։

«Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են ու բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի՝ ամբողջ ծավալով ներդրման համար»։

«Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։

Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ»,- գրում է Թանդիլյանն ու հավելում․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության անդամ եմ դարձել որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ես դադարեցնում եմ նաև կուսակցությանն անդամակցությունը»:

Երեկ կառավարության նիստում բուռն քննարկումների արդյունքում ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություններ կատարելու առաջարկը, որն ուղարկվելու է Ազգային ժողով: Ըստ այդմ՝ այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2,5 տոկոսը փոխանցեն այդ համակարգին:

Այսօր «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են կազմակերպելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունման դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG