Թավշյա հեղափոխությունից և նոր Կառավարության ձևավորումից հետո որոշակի ակնկալիքներ ունեն բոլոր ոլորտների արվեստագետները՝ կապված իրենց ոլորտում տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների հետ։
Համազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը «Ազատության» հետ զրույցում շեշտում է, որ իհարկե չի կարելի հուսալ, որ խնդիրների լուծումը շատ արագ կգտնվի․ - «Միանգամից չի լինի: Որովհետև մենք այս տարիների ընթացքում շատ բան ենք կորցրել: Նախ, մենք կորցրել ենք մշակութային մթնոլորտ, ինչի պատճառով կորցրել ենք նաև բարձր արվեստ ընկալող հանդիսատեսին: Ես կարծում եմ, ամենամեծ խնդիրը հանդիսատեսին թատրոններ, կինոդահլիճներ վերադարձնելն է: Որովհետև մենք սովորեցրել ենք այլ մի բանի, որը կարծես թե պատվերներ սպառողի ցածր ճաշակը բավարարող․․․»:
Չալդրանյանը ցավով ասաց, թե վերջին տասնամյակներում մեր հանրությանն առավել ցածրաճաշակ գործեր են մատուցվել թե՛ թատրոնի, թե՛ կինոյի բնագավառներում․ - «Մինչդեռ բարձրարվեստ գործը իր հետևից է տանում, կրթում է ճաշակը, մաքրում է հոգին»:
Հարցին, թե անձամբ ինքը ինչ մտահոգություններ ունի՝ կապված նոր վարչապետի, Մշակույթի նախարարի հայտարարած ուղենիշների հետ․ - «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ վիթխարի, մեծ առաքելություն է իջնելու և՛ նրա ուսին, և՛ Մշակույթի նախարարի, և՛ շատ ուրիշ պետական այրերի: Բայց բանաձևը մեկն է՝ եթե պետական այրերը հասկանան, գնահատեն և շատ սիրեն բարձր արվեստը, ոչ թե պրիմիտիվը, ոչ թե մակերեսային արվեստը, ուրեմն էդպես էլ կլինի: Ճապոնիայում որևէ սիմֆոնիկ համերգ դատարկ դահլիճներում չի լինում մի բանի շնորհիվ՝ որովհետև էնտեղ ամենօրյա կրթություն է գնում հանդիսատեսի: Ինչպիսի հանդիսատես կրթում ես, էնպիսի դահլիճներ էլ կունենաս: Այնպես որ, կարծում եմ, Օսկար Ուայլդի հայտնի բանաձևը, որ ցինիկը նա է, որ ամեն ինչի գինը գիտի, բայց տեղյակ չէ արժեքներից, հուսամ, որ մենք չենք շարունակի մխրճվել այդ ցինիզմի մեջ և անընդհատ ասել, որ լավ է էն արվեստը, որը դահլիճներ է լցնում և այլն, և այլն: Ես այսօր անուններ կարող եմ տալ, որոնց ֆիլմերը կամ գործը կարող է դահլիճ չլցնի, բայց դա չի նշանակում․․․ Այսօր մենք մեծ խնդիր ունենք հանդիսատես կրթելու և նրանց սովորեցնելու, որ այնուամենայնիվ մեծ մշակույթը, մեծ արվեստագետի դիալոգը Աստծո հետ է, իսկ ոչ մեծ արվեստագետի երկխոսությունը սպառողի հետ է: Պիտի կարողանանք պահել էդ բալանսը: Դա չի նշանակում, որ պիտի արգելվի մեկը: Պարզապես բալանսն է մեզ մոտ խախտված սիրո, որը վաղուց մեր քաղաքից կարծես թե մենք կորցրել ենք: Եթե լինի սեր, ամեն ինչ կլինի»: