Մատչելիության հղումներ

Այս տարի կիսով չափ նվազել է դիմորդների թիվը


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր փոխանցեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի նվազել է դիմորդների թիվը: Ըստ նախարարի, դա 12-ամյա կրթական համակարգի ներդրման հետևանք է, և բուհերի համար տարին ճգնաժամային է լինելու:

Արայիկ Հարությունյանը ներկա էր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությանը։

«Ազատության» դիտարկմանը, որ դիմորդների թվի նվազման պայմաններում յուրաքանչյուր բավարար ստացողը կարող է բուհ ընդունել, և հարցին, թե ինչպես է ապահովվելու կրթության որակը, նախարարն արձագանքեց․ - «Դա խնդիր է: Ես ասել եմ, որ այս տարի բուհերի համար ճգնաճամային է, պետք է փորձենք իրավիճակից դուրս գալ, թեպետ էս ընդունելությունը դեռ վեց տարի շարունակ դեռ հետապնդելու է բուհերին, որովհետև պակաս ընդունված կուրսերը պետք է ավարտեն, իսկ դա ազդելու է դրույքների վրա, ծանրաբեռնվածությունների վրա»։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից այս տարի բուհեր է դիմել 5087 շրջանավարտ: 2017-ին 9737 դիմորդ կար:

Նախարարն ասաց, որ գոհ չէ ընդունելության քննությունների «Շտեմարաններից», դժգոհություններ է լսել գրքերի, դասավանդման մեթոդների, ծրագրերի մասին․ - «Շտեմարաններն են գիտելիքը ստուգելու ձևը, որ այսօր գոյություն ունի, թույլ չի տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, թույլ չի տալիս նրանց մոտ զարգացնել քննդատական, վերլուծական միտքը: Կարող է գիտելիքի ստուգման այս ձևը զգալիորեն նվազեցնում է կոռուպցիան, բայց միևնույն ժամանակ թույլ չի տալիս վերհանել աշակերտների իրական հնարավորությունները։ Մենք պետք է այնպիսի ավարտող աշակերտ ունենանք, որի մոտ այլ որակներ զարգանան, քան անգիրը»:

Խոսելով ավագ դպրոցների խնդրի մասին․ - «Բովանդակությունը պետք է փոխվի ավագ դպրոցների: Նոր կրկնուսույցների մասին էիք խոսում, դա գալիս է նրանից, որ ավագ դպրոցն իրականում իր դերակատարությունը չունեցավ այս առումով։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ այլևս աշակերտը դրա կարիքը չունենա։ Ճիշտ են նշում ծնողներն ու աշակերտները, որ երբեմն 12-րդ դասարանում անելիք չի լինում»։

Դիմորդները «Ազատության» հետ զրույցներում ասացին, թե ավագ դպրոցն իրեն չի արդարացնում, իրենք միևնույն է պարապում են կրկնուսույցի մոտ, իսկ հավելյալ տարիներն էլ ժամանակի վատնում են համարում։ Դժգոհ են նաև «Շտեմարաններից»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատում է, որ 12-ամյա կրթական համակարգը Հայաստանում արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ դպրոցներում ակտիվ ուսուցում լինի, ինչը բացակայում է այսօրվա համակարգում․ - «Ավագ դպրոցի ծրագիրը պետք է լինի գործողության վրա հիմնած: Երեխան ինչ-որ բան սովորեց, պետք է ասենք՝ սովորածով եկեք ինչ-որ մի բան սարքենք, ինչ-որ մի բան կիրառենք, ստեղծագործենք։ Այսինքն՝ ամբողջ կրթության եղանակները պետք է փոխել։ Ես չեմ ընդունում էն առաջարկները, որ պետք ա ժամ կրճատենք, առարկա կրճատենք: Սրանք մեխանիկական քայլեր են»։

Կրթության և գիտության նախարարն անդրադարձավ նաև «Արարատյան բակալավրիատի» ֆինանսական աուդիտին՝ ասելով, որ մի քանի օրվա ընթացքում արդյունքները կհրապարակվեն։

Նախկին Կառավարության օրոք, հիշեցնենք, տարեկան ավելի քան 600 մլն դրամի հատկացում է եղել «Այբ» հիմնադրամին «Արարատյան բակալավրիատ» ծրագրի իրագործման համար։

«Ազատության» հարցին, թե արդյոք աուդիտի արդյունքներից հետո ինքը շարունակում է պնդել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդատու Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. - «Արարատյան բակալավրիատի աուդիտով չէ, որ ես պետք է էդ կարծիքը հայտնեմ: Մինչև աուդիտն եմ ես էդ կարծիքը հայտնել։ Շարունակելու եմ պնդել»:

Կրթության և գիտության նախարարն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նվիրատուների վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու համար դատի էին տվել մայրաքաղաքում սոցիալական բնույթի ծրագրեր իրականացնող «Երևան» հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Երևանի ավագանու առաջիկա նիստին քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը։

Կրթության և գիտության նախարարը այստեղ միտում է տեսնում, կարծում է, որ հիմնադրամը թաքցնելու բան ունի․ - «Շատ արագ փորձում են ինչ-որ բաներ թաքցնել, բայց, կարծում եմ, դա չի հաջողվի․․․ Ես խոսել եմ կոռուպցիոն երևույթների մասին։ Ուզում էի, որ «Երևան» հիմնադրամը հերքեր դա, բայց համառորեն չեն հերքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG