Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը բացահայտել է Ջրաշենի գյուղապետի գործունեության «հակաօրինական որոշ դրսևորումներ»


Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյան, 7-ը հունիսի, 2018թ․
Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյան, 7-ը հունիսի, 2018թ․

Ոստիկանության Սպիտակի բաժնում երեկ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը հակառակ ծառայության շահերին օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ թույլ է տվել չարաշահումներ։

«Նույն օրը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ի հայտ եկան Ուռուսյանի գործունեության հակաօրինական որոշ դրսևորումներ», - ասված է Հայաստանի ոստիկանության լրատվական վարչության այսօր տարածած հաղորդագրությունում:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, պարզվել է, որ «1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներ համար բնակարանաշինության պետական ծրագրում» Ջրաշեն համայնքի մի ընտանիքի ներգրավելու համար 2011 թվականին Ուռուսյանը պահանջել և ստացել է կաշառք»։ «Պարզվել է նաև, որ Ջրաշեն համայնքի ավագանու կայացրած որոշումներում, որոնք Ուռուսյանը հաստատել է, կեղծվել է ավագանու բացակա անդամի ստորագրություն», - հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը՝ շարունակելով․ - «Ուռուսյանը 2015-2018 թվականներին շուրջ 60,000 դրամ աշխատավարձով համայնքի գերեզմանատան սեզոնային պահակ է նշանակել եղբոր կնոջը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է մեկ միլիոնից ավելի դրամ։
Վահան Ուռուսյանը 2017 թվականի մարտի 27-ին Դուբայից Հայաստան է ներմուծել 5,000,000 դրամ արժեքով «Լեքսուս GX470» ավտոմեքենա, որը նվիրատվության պայմանագրով անհատույց նվիրել է մի քաղաքացու։ Երկու ամիս անց Ուռուսյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքի կարիքների համար օգտագործելու նպատակով գնել է նույն ավտոմեքենան, արդեն՝ 9,350,000 դրամով։ Արդյունքում՝ համայնքի բյուջեից վատնվել է առանձնապես խոշոր չափի՝ 4,350,000 դրամ»:

Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, վերջին օրերին Ջրաշենում ակցիաներ են անցկացնում արդեն 18 տարի գյուղը ղեկավարող Ուռուսյանի հրաժարականը պահանջողները, իսկ շաբաթ օրը գյուղամեջ էին դուրս եկել նաև գյուղապետի կողմնակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG