Գերմանիան և Ֆրանսիան զգուշավոր լավատեսություն են հայտնում, որ Ռուսաստանը և Ուկրաինան քայլեր կձեռնարկեն Ուկրաինայի արևելքում երկարատև զինադադարի վերականգնման ուղղությամբ: Մոսկվան և Կիևը, սակայն, համաձայնության չեն եկել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայման շուրջ:
Երեկ Բեռլինում հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները հայտարարել են, որ բանակցությունները «բաց և կառուցողական» են եղել, բոլոր կողմերը հերթական անգամ ընդգծել են, որ աջակցում են հրադադարի որոշմանը, ինչպես նաև ծանր սպառազինության դուրսբերմանը, ԵԱՀԿ դիտորդների մուտքի ապահովմանը:
Այդուհանդերձ, արտգործնախարարները նաև ընդգծել են, որ հակամարտության կարգավորման հարցում Կիևի ու Մոսկվայի պատկերացումները «շատ հեռու են իրարից»: Գերմանիան, Ֆրանսիան և Ուկրաինան ցանկանում են, որ ՄԱԿ-ի զորքերը տեղակայվեն ռուս անջատականների կողմից հսկվող տարածքներում՝ ներառյալ ռուս-ուկրաինական սահմանը: Ռուսաստանը դեմ է դրան: