Մատչելիության հղումներ

Ուժի մեջ է մտել ՀՀ վարորդական իրավունքով ՌԴ տարածքում աշխատելու արգելքը


Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն այս հունիսի 1-ից այլևս արգելվում է: Այլ կերպ ասած՝ ռուսական կողմն իր տարածքում չի ճանաչում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Հայաստանի ազգային վարորդական իրավունքը և օրենքով արգելում է դրանցով աշխատել փոխադրումների ոլորտում։

Մոսկվայաբնակ Արարատ Ավետիկյանը նոր օրենքի պատճառով արդեն 11 օր գործազուրկ է: Տաքսու վարորդը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ օրվա հացը վաստակելու և ընտանիքը պահելու հույսով Ռուսաստան եկած հայերից շատերն են աշխատում փոխադրումների ոլորտում և այս փոփոխությամբ հայտնվել են անելանելի վիճակում․ - «Անձնական մեքենան կարաս քշես, բայց հայկական վարորդական իրավունքով աշխատելու իրավունք չունես: «Յանդեքսը» բոլորին, ով հայկական վարորդական իրավունքով աշխատում էր, պատվերներից անջատել ա»:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը պետք է պաշտպանի սեփական քաղաքացիների իրավունքները։

Ավետիկյանն ասաց, որ իրենք կարող են նաև ռուսական վարորդական իրավունք ստանալ, սակայն օրինական ճանապարհով դա անելը երկար ժամանակ է պահանջում․ - «Ասֆալտի գործ անողների մեծ մասը հայերն են: Էդ նույն գործավորի բեռնատարների վարորդներն էլ որը փոխում ա, որը հնար չունի փոխելու, չի կարում փոխի, գործից դուս ա մնում: Պետությունը պըտի Տամոժնի սայուզ մտնելու հետ էդ հարցերը սաղ պարզաբանվեր»:

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը («Ելք») Ռուսաստանում աշխատող հայերի ճակատագրից քաջատեղյակ է։ Ազգային վարորդական իրավունքների ճանաչման հարցը իր նախապատմությունն ունի։ Ըստ Մարուքյանի՝ դեռ 1 տարի այս օրենքը պետք է կիրառվեր, սակայն հայ-ռուսական երկկողմ բանակցությունների արդյունքում հետաձգվեց մինչև 2018 հունիսի 1-ը։

Հիմա արդեն նոր Կառավարությունն է աշխատում խնդրի լուծման ուղղությամբ․ - «Պետք է ամեն ինչ անի, որ խնդրին ոչ թե ժամանակավոր, այլ համակարգային լուծում տրվի: Այսինքն՝ մեկընդմիշտ ճանաչվեն վարորդական իրավունքները, որովհետև Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը ճանաչում է կողմերի ծառայությունները, ծառայությունների մատուցումը, ապրանքաշրջանառությունը․․․ Տրանսպորտային ծառայությունը դրա մեջ է, և, բնականաբար, պետք է հայկական վարորդական իրավունքը ճանաչվեր»:

Մարուքյանի խոսքով՝ հարցը պետք է կարգավորվեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, սակայն սա ևս նախկին իշխանության բացթողումն է։

Արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանն էլ «Ազատության» եթերում փաստեց, որ հարցի շուտափույթ կարգավորման համար Հայաստանի իշխանությունը ստացել է պաշտոնական Մոսկվայի հավաստիացումը․ - «Սոչիում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ռուսաստանի նախագահը կաջակցի, որպեսզի այդ հարցը արագ լուծվի: Բայց ժամկետներ նշված չեն եղել»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի փոխանցմամբ՝ օրենքի փոփոխությունների նախագիծը, որով Ռուսաստանը կճանաչի Հայաստանի վարորդական իրավունքը, արդեն դրված է շրջանառության մեջ:

Տողանյանն ասաց, որ 2017 թվականի օգոստոսից ստեղծված աշխատանքային խումբը կազմել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ ու ներկայացրել Կառավարություն․ - «Այն առանձին օրինագիծ չէ, առանձին օրենք չէ, եղած օրենքում փոփոխություններ մտցնելու հարց է, որը վերաբերվելու է Ռուսաստանի տարածքում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վարորդական իրավունքները ճանաչելուն»:

Հիշեցնեմ՝ դեռ անցած տարվա հուլիսից Պետդումայի ընդունած օրենքի համաձայն, Ղրղըզստանի, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում էր Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը դեռ այն ժամանակ Հայաստանի իշխանություններին առաջարկել էր երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսաց լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել նաև հայկական վարորդական իրավունքները:

Էդմոն Մարուքյանից այսօր հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կառավարական մակարդակով ընթացքող քննարկումների ժամանակ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու հարցը կրկին քննարկվում է։

«Ես տեղեկություն չունեմ, որ հարցը շոշափած լինեն: Հայաստանի Հանրապետությունում մեր Սահմանադրությամբ պետական լեզուն հայերենն է, և այլ լեզու Հայաստանում չի էլ քննարկվում, որ կարող է լինել պաշտոնական», - պատասխանեց Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG