Մատչելիության հղումներ

Բանակցային ֆորմատը փոխելու փորձ չի արվում․ փոխարտգործնախարար


Ռուբեն Ռուբինյան, Երևան, 11-ը հունիսի, 2018 թ․
Ռուբեն Ռուբինյան, Երևան, 11-ը հունիսի, 2018 թ․

Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է «Ազատության» հարցերին:

«Ազատություն»- Պարոն Ռուբինյան, գերեզման այցելելու վերաբերյալ ադրբեջանական կողմի խնդրանքի բավարարումը Հայաստանի նոր իշխանության մարտավարության շրջանակներու՞մ է:

Ռուբեն Ռուբինյան- Բոլոր հետաքրքրվածները, ովքեր կտեսնեն այս պատմությունը, հստակ կտեսնեն, որ կա մի կողմ, որը կողմ է լարվածության թուլացմանը, կողմ է կառուցողական մթնոլորտում բանակցություններ վարելուն: Կտեսնեն և մյուս կողմին, որն անընդհատ դիմում է սադրանքների, օգտագործում է ռազմաշունչ հռետորաբանություն, այսինքն՝ կա իրավիճակ, որտեղ ամեն ինչ պարզ է:

«Ազատություն»- Ադրբեջանը դա ներկայացնում է այլ տեսանկյունից, ասելով, որ ոչ մի մարդասիրական քայլ էլ տեղի չի ունեցել, այլ իրենք են տարածքներ գրավել:

Ռուբեն Ռուբինյան- Դա ընդամենը ցույց է տալիս ադրբեջանական կողմի ադեկվատության և կառուցողականության պակասը:

«Ազատություն»- Երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագիը, դարձյալ անդրադարձավ իր այն հայտարարությանը, թե ինքը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված՝ բանակցելու է միայն Հայաստանի անունից․ Ղարաբաղի անունից բանակցել չի կարող, որովհետև դրա համար չունի ոչ իրավական, ոչ էլ բարոյական իրավունք: Նա անգամ բերեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրինակները, նշելով, որ նրանք ԼՂ-ից էին, կապեր ունեին Ղարաբաղի հետ, իսկ իր դեպքում նման հիմք չկա՝ բանակցելու Լեռնային Ղարաբաղի անունից: Սա նոր իրողությու՞ն է: Եթե Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի անունից չի բանակցելու, այդ դեպքում բանակցությունների թեման ո՞րն է լինելու:

Ռուբեն Ռուբինյան- Ես ուզում եմ նշել, որ մեզ համար հիմա կարևորագույն առաջնահերթություն է բանակցությունների դինամիկան պահպանելը: Արցախի մասնակցության մասով, ինչպես գիտենք, կառավարության ծրագրում հստակ նշված է, որ Արցախը պետք է որոշիչ ձայն և մասնակցություն ունենա բանակցություններում: Ինչու՞ է սա ասվում, որովհետև տրամաբանական չէ, որ հակամարտության հիմնական կողմը չի մասնակցում իր ճակատագրին վերաբերող հարցերի քննարկմանը: Սակայն, պետք է նշել, որ սա ոչ թե նոր իրողություն է կամ բանակցային ֆորմատի փոփոխության փորձ, ապակառուցողական փորձ, այլ սա ընդամենը հարց է, որը, կարծում ենք, պետք է քննարկվի: Բայց, միևնույն ժամանակ, պարոն Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել և բանակցել Իլհամ Ալիևի հետ:

Փաշինյանը չի ասել, որ ինքը չի բանակցելու Լեռենային Ղարաբաղի անունից: Նա նշում է այն փաստարկները, որոնց հիման վրա, մեր կարծիքով, բանակցությունների արդյունավետության բարձրացման համար, Արցախը պետք է ներգրավված լինի բանակցություններում:

«Ազատություն»- Ադրբեջանի առջև այդպիսի պայման դրվելու՞ է, թե քանի դեռ Լեռնային Ղարաբաղը ներգրավված չէ բանակցություններում, ապա Հայաստանի վարչապետը չի բանակցելու:

Ռուբեն Ռուբինյան- Ինչպես նշեցի՝ այս փուլում մեզ համար կարևորը դինամիկան պահպանելն է, բայց մեր ընդհանուր տրամաբանության մեջ մտնում է հետևյալ գիտակցումը, որ Արցախը բանակցային գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն, եթե մենք ուզում ենք բարձրացնել բանակցությունների արդյունավետությունը:

«Ազատություն»- Կարո՞ղ ենք ասել, որ այսօրվա իշխանության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հարցում համընկնում են նախկին իշխանության մոտեցումների հետ, և էական տարբերություներ չկան:

Ռուբեն Ռուբինյան- Եթե խոսքը ռադիկալ փոփոխությունների մասին է, բնականաբար, ոչ, մեծ տարբերություններ չկան:

«Ազատություն»- Հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Մոսկվա է մեկնելու նաև Իլհամ Ալիևը: Հնարավո՞ր է, որ Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա:

Ռուբեն Ռուբինյան- Այս պահի դրությամբ ոչ մի պայմանավորվածություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG