Քիչ առաջ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ավարտվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը, որոշումը կհրապարակվի հունիսի 13-ին:
Առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման, ընդդիմադիր գործիչը վերաքննիչ ատյանում պահանջում է արդարացում:
Այսօր մեղադրող դատախազը, ներկայացնելով վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտարարեց, թե դեմ չէ, որ 10 տարի 5 ամիս պատժաչափը նվազեցվի 7 տարվա, սակայն առարկեց, որ Սեֆիլյանն արդարացվի:
Մեղադրող դատախազը, միաժամանակ, դեմ չէր, որ Գևորգ Սաֆարյանը, ով 5.5 տարվա ազատազրկման է դատապարտվել և 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Ներսես Պողոսյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեն և վերաքննիչ ատյանը նրանց նկատմամբ սահմանված պատժաչափերը պայմանականորեն չկիրառվի: Մեղադրող դատախազը վկայակոչում էր երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը՝ հայտարարելով, թե ազատության մեջ այս մեղադրյալները այլևս վտանգ չեն ներկայացնի:
Փաստաբաններն, այնուամենայնիվ, լավատես են, որ դատարանը արդարացման որոշում կկայացնի: Ինչպես նրանք էին նշում՝ «փակելով խայտառակ այս էջը»:
Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ: