Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպումը


հայաստանի և Ռուսաստանի նախագահները Սոչիում, 14-ը մայիսի, 2018թ.
հայաստանի և Ռուսաստանի նախագահները Սոչիում, 14-ը մայիսի, 2018թ.

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում երեկ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Մոսկվայում սպասում են, որ Փաշինյանը կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:

Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ևս հաստատել է այս տեղեկությունը՝ խոստանալով այցի օրակարգը հրապարակել ավելի ուշ:

Սա Հայաստանի նորընտիր վարչապետի արդեն երկրորդ այցն է Ռուսաստան։

Ավելի վաղ՝ պաշտոնը ստանձնելուց օրեր անց, նա մեկնել էր Սոչի՝ ԵԱՏՄ երկրների գագաթնաժողովին, ուր առանձնազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պնդել, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը քննարկման ենթակա չէ:

«Շատ հաճելի է, որ վարչապետ նշանակվելուց տառացիորեն մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպել Ձեզ հետ, քանի որ, կարծում եմ, քննարկելու հարցեր կան: Բայց ինչ-որ բան էլ կա, որ քննարկման կարիք չունի․ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերություններն են: Կարող եմ հավաստիացնել, որ այս հարցում Հայաստանում կա կոնսենսուս: Որևէ մեկը երբեք կասկածի տակ չի դրել և, կարծում եմ, չի էլ դնի հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը», - ասել էր Փաշինյանը:

Վլադիմիր Պուտինն էլ, հայաստանյան իշխանափոխությունից հետո շնորհավորելով Փաշինյանին՝ հատուկ կարևոր էր Երևանի և Մոսկվայի համագործակցությունը միջազգային կառույցներում, որտեղ մինչ օրս, որպես կանոն, Հայաստանը Ռուսաստանի դիրքորոշումն էր պաշտպանում:

«Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչև այժմ։ Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում՝ սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով և՛ անվտանգության, և՛ տնտեսական զարգացման ոլորտներում», - ասել է Պուտինը։

Ավելի ուշ՝ Պուտինի հետ դռնփակ բանակցություններից հետո, Փաշինյանը գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ հանդիպմանը հարց է բարձրացվել նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների մասին, սակայն խուսափել էր մանրամասնել՝ ինչպես է Պուտինն արձագանքել հայկական կողմին տարիներ շարունակ մտահոգող այդ խնդրին:

«Չէի ուզենա ասել՝ ինչ պատասխանեց Վլադիմիր Պուտինը, կարող եմ միայն ասել, որ ես բարձրացրել եմ այդ հարցը և կարծում եմ, որ մենք կառուցողական քննարկում ունեցանք այդ առումով», - ասել էր Փաշինյանը:

Ի դեպ, հայտնի է, որ Փաշինյանից բացի հունիսի 14-ին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին, Մոսկվա են մեկնելու նաև Խորհրդային միության նախկին հանրապետությունների մի շարք այլ ղեկավարներ, այդ թվում՝ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հնարավոր մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG