Մատչելիության հղումներ

Սևանի դատարանի զինված միջադեպի գործով կասկածյալը ներկայացել է ոստիկանություն


Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով կասկածյալը ներկայացել է ոստիկանությունը:

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ - «Հայտնել էինք, որ հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։ Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։ Ոստիկանները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ Գուրգեն Հակոբյանին հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ բացատրական աշխատանքներ իրականացնելով նրա հարազատների շրջանում։ Արդյունքում դեպքի հաջորդ օրը՝ հունիսի 9-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 39-ամյա Հակոբյանը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին»։

Ոստիկանությունը նշում է, որ «դեպքից ժամեր հետո էլ Գուրգեն Հակոբյանի հայրը ոստիկանության Գավառի բաժին է ներկայացրել որսորդական հրացան, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է»։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG