Մատչելիության հղումներ

Զինվորի ծնողները պնդում են՝ նրա մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել ծեծի հետևանքով


Արգամ Զաքարյանի լուսանկարներից, որ տրամադրել է զինծառայողի ընտանիքը
Արգամ Զաքարյանի լուսանկարներից, որ տրամադրել է զինծառայողի ընտանիքը

Ժամկետային զինծառայող Արգամ Զաքարյանի ծնողները պնդում են՝ դասակի հրամանատարը հարվածել է իրենց որդու գլխին, ինչի հետևանքով նրա մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել։

Շաբաթ առավոտյան Արգամի հարազատները, ծանոթներն ու ընկերները հավաքվել էին Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի առջև։ 19-ամյա երիտասարդը երեկ է Երևան տեղափոխվել։ Նրա հայրը՝ Աղաբեկ Զաքարյանը, «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ որդին ծառայում է Պաշտպանության բանակի զորամասերից մեկում։ Ըստ նրա՝ դեպքը տեղի է ունեցել հենց այնտեղ, հարվածողն էլ եղել է դասակի հրամանատար Ռոման Ադամյանը. - «Իմ էրեխու ասելով, որ Ռոման Ադամյանն ա ծեծել իրան, դաշտում տրանշեյ փորելուց հրաման ա տվել ինչ-որ բան անելու՝ իմ էրեխեն չի կատարել, դրա համար ուժգին հարված ա ստացել գլխին, կորցրել ա գիտակցությունը»:

Արգամի հետ կատարվածի մասին հարազատներն իմացել միայն նրա Երևան տեղափոխվելուց առաջ։ Մինչ այդ, սակայն, տղան ութ օր անցկացրել է Ստեփանակերտի հոգեբուժարանում։ Քույրն ասում է՝ սահմանված կարգով իրենց տեղյակ չեն պահել Արգամի առողջական վիճակի, նաև՝ հոգեբուժարանում գտնվելու փաստի մասին։ «Զանգել ա, իրա ձայնից արդեն հասկացել եմ, որ իրա մոտ նորմալ վիճակ չի՝ լացակումած՝ «լավ եմ, ի՞նչ կա», ասում եմ՝ «Արգամ ջան, ի՞նչ ա էղել, քո հետ ի՞նչ ա էղել», ոչ մի բան՝ ինքը բան չասեց, էնտեղից քույրը վերցնում ա՝ «ձեր երեխան գտնվում ա հոգեբուժարանում»: Ասում եմ՝ «ինչի՞ համար, ի՞նչ հիմքերով ա էրեխեն հոգեբուժարանում»: - «Ինքը ագրեսիվ ա էղել, ինքը ասում ա՝ «աչքիս բաներ ա էրևում», էդքան բան, ստեղ պատուհան ա կոտրել, դրա համար իրան բերել ենք մեկուսացրել ենք», - պատմեց Հռիփսիմե Զաքարյանը:

Իր ու դասակի հրամանատարի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ժամկետային զինծառայողը պատմել է միայն Երևան հասնելուց հետո։ Հարազատների խոսքով՝ Ղարաբաղում գտնվելու ընթացքում Արգամը վախեցել է խոսել։

Ծնողների պնդմամբ՝ զինվորի հոգեբուժարան տեղափոխվելու մասին տեղյակ է եղել նաև զորամասի հրամանատարը, վերջինս էլ հարազատներին հորդորել է առայժմ քայլեր չձեռնարկել և սպասել, մինչև Ղարաբաղից Երևան բժիշկ կգործուղի։

«Ղարաբաղից ով ուզում ա լինի, մենք պահանջում ենք՝ մեր էրեխուն մոտիկ չգան, մենք չենք վստահում ոչ մեկին, ո՛չ մեկին, մենք ունենք մեծ կասկածներ, որ իրան ներարկել են՝ ուղեղից էս ամեն ինչը հանելու համար, որ իրան բթացնեն, ստեղ ասեն՝ «գիտե՞ք, տեսեք՝ ինքը հոգեկան հիվանդ ա, ինքը շառ ա անում, ինքը ուղղակի անուններ ա տալիս», - հայտարարեց զինծառայողի քույրը:

Այժմ Արգամը Երևանի կայազորային հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է։ Նրա առողջական վիճակը գնահատել հոսպիտալի պետը չի շտապում։ Վահան Գևորգյանի խոսքով՝ զինծառայողը դեռ հետազոտման փուլում է, բայց մի բան հստակ է՝ նրա վրա բռնության հետքեր չկան. - «Որևէ հետք չկա, մանրակրկիտ զննությամբ որևէ հետք չի հայտնաբերվել: Կա հայտարարությունը՝ հիվանդի հայտարարությունը և հարազատների, հայտարարությունը ստանալուն պես հիվանդից՝ մենք անմիջապես իրավապահ մարմիններին տեղյակ ենք պահել, նրանք զբաղվում են: Իսկ ինչ վերաբերում է՝ կարող էր արդյոք առաջանալ, նախ՝ եթե հայտնաբերվի որևէ հոգեկան շեղում, նոր դրանից հետո մենք միայն կփորձենք պարզել՝ արդյոք դա հարվածի հետևանք է, թե՝ ոչ»:

«Այսինքն, չեք բացառում որ հարվածի հետևանքով կարող են լինել հոգեկան շեղումներ», - «Ազատության» այս հարցին Երևանի կայազորային հոսպիտալի պետը արձագանքեց. - «Ընդհանրապես, իհարկե, հարվածի հետևանքով կարող են առաջանալ որոշակի հոգեկան շեղումներ»:

Ռազմական ոստիկանությունը վաղ առավոտյան արդեն եղել է Արգամի մոտ, տեղեկացրեց փոխգնդապետը։ Ըստ Գևորգյանի՝ սպասում են ժամկետային զինծառայողի անձնական գործին, որպեսզի հասկանան՝ արդյոք բանակ զորակոչվելիս առողջական խնդիրներ ունեցել է, թե՝ ոչ։

Հոսպիտալի պետը նաև տեղեկացրեց, որ դեռ անցած հոկտեմբերին Արգամը 13-օրյա ստացիոնար բուժում է անցել հոսպիտալում, հոգեբանական խնդիրների պատճառով նա ստորին վերջույթում ցավեր է ունեցել։

Հարազատները, մինչդեռ, պնդում են՝ զորակոչվելուց հետո Արգամի ոտքի նյարդն էր վնասվել, և նա հոգեպես հավասարակշռված է եղել։

«Ոչ մի բան չի էղել, էն, ինչը որ իրա հետ կատարվել ա, էղել ա ծառայության ընթացքում: Երկար ժամանակ ինձի չէր զանգում, հետը կապ չկար, զանգում էլ էր՝ շատ լարված, զգում էի, որ Արգամի հետ մի բան էն չի, շատ սառն ա իմ հանդեպ, բան: Էն վախտ նորմալ ա էղել ինքը՝ կատարյալ առողջ մարդ ա էղել, սպորտսմեն, ուժեղ տղա ա էղել», - պատմեց Արգամ Զաքարյանի դասընկեր Հմայակ Կիրակոսյանը:

Մինչ բանակ զորակոչվելն Արգամը զբաղվել է ծանրամարտով, իսկ հիմա շատ անառողջ ու վախեցած տեսք ունի, ասաց մայրը։ Տիկին Սուսաննան որդուն երեկ է տեսել, Արգամն անգամ հորը չի ճանաչել: «Չարչարանքների են ենթարկել, ու ինքը լացում ա, ասում ա՝ ինձի չթողեք, ինձի չթողեք, ինձի չտանեք նորից հետ ընդեղ, ընդեղ շատ վատ ա», - պատմեց Սուսաննա Հովհաննիսյանը:

19-ամյա զինծառայողի ծնողներն այսօր բողոք են ներկայացնելու ռազմական ոստիկանություն, նամակով դիմելու են նաև պաշտպանության նախարարին։ Պնդում են՝ մեղավորները պետք է պատժվեն։

Պաշտպանական գերատեսչության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ «Ազատությանը» փոխանցեց՝ գործն իրենց ուսումնասիրության ներքո է, արձագանքը կլինի ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG