Գրահրատարակչական խնդիրները տարիներ շարունակ բարձրաձայնվել են իրենց իսկ՝ գրահրատարակիչների կողմից ամենատարբեր առիթներով՝ թե՛ հարկային բեռի թեթևացման, թե՛ պետպատվերի կամ պետական աջակցության շրջանակներում, թե՛ գրքի գնագոյացման հարցերի հետ կապված:
Հիմա՝ թավշյա հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո, բնականաբար, գրահրատարակիչները նորից ու նորից առաջ են քաշում և ներկայացնում տարիներ շարունակ այդ ոլորտում լուծում չգտած խնդիրները:
«Ազատության» հետ զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաև մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը շեշտում էր, որ այս առումով որոշակի ակնկալիքներ ունի նոր կառավարությունից: «Որպես լիբերալ գաղափարը կրող մարդիկ՝ կառավարությունը կդադարի խանգարել բիզնեսին, և հրատարակչական գործը վերջապես կվերածվի բիզնեսի Հայաստանում», - ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանն այն հրատարակիչներից է, որ այս բնագավառում պետության դերը տեսնում է ոչ այնքան և ոչ միայն գումարներ հատկացնելու, այլ գրքի ու գրականության, ընթերցանության հետ կապված խնդիրների լուծման մեջ. - «Ի՞նչ գործ ունի էս բնագավառում պետությունը՝ պետությունը պետք է աջակցի, որ ընթերցանության մակարդակը բարձրացնի»:
Պետության ամենակարևոր դերակատարումը գրքի ու գրականության հետ կապված Մարտիրոսյանը դիտարկում է գրադարանների ոլորտում: Նրա համոզմամբ՝ պետությունը որոշակի լծակներ կարող է կիրառել, որ համալրվի գրադարանների՝ տարիներով չթարմացվող գրականությունը: Սա միաժամանակ կարող է նպաստել թե՛ գրահրատարակիչների, թե՛ գրադարանների առավել ակտիվ գործունեությանը. - «Գրադարանների վրա աշխատի, գրադարանները ձևափոխի մեդիակենտրոնների և համալրի գրականությամբ, մեդիայով: Պետությունը ինչ-որ մեխանիզմով աջակցում է, խրախուսում է, որպեսզի համայնքները սկսեն մասնակցել համայնքային գրադարանների վերազինմանը՝ փոքրիկ գրանտներ է տալիս արդեն գործ արած գրադարաններին, կահույք է տալիս արդեն գործ արած գրադարաններին՝ ինչ-որ գործընթաց անցած գրադարաններին, որովհետև պետք է էն կողմից էլ աշխուժացնել, պետք չի, որ ինչ-որ գրադարան ոչ մի բան չանի, ու պետությունը իրեն տա»:
Եվ, իհարկե, գրահրատարակչության զարգացման համար, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ուղղակի հրատապ է հարկային դաշտի կարգավորումը․ - «Այս բնագավառում հարկային քաղաքականության վրա ազդեցություն ունենա, գիրքը լինի այլ տիպի ապրանք՝ արտոնյալ ապրանք»: «Արտոնյալ՝ նշանակում է. եթե մնացած ապրանքները 20 տոկոսով են հարկվում, ապա գիրքը պետք է այլ տոկոսով հարկվի՝ 19.5-ից սկսած մինչև 0: Դրանով ցույց կտա, որ գիրքը այլ ապրանք է», - պարզաբանեց գրահրատարակիչը:
Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, իր հերթին, ասաց. - «Ընդհանրապես, հրատարակչական ոլորտը իր շուկան ունի, պետության դերակատարումը՝ գլոբալ իմաստով, հայեցակարգային իմաստով, պիտի լինի շուկային չխանգարելը: Շուկայի կանոնները բավական կենդանի կանոններ են, ուղղակի մեր առանձնահատկությունը այն է, որ հայկական շուկան՝ ի տարբերությունը շատ լեզուների գրականության շուկայի, ավելի փոքր է՝ իր բոլոր հետևանքներով»:
«Բայց գրողներն էլ ձեզնից աջակցություն են սպասում», - «Ազատության» այս դիտարկմանը փոխնախարարը արձագանքեց. - «Պետությունը՝ որպես գնահատող օղակ, արվեստ գնահատող օղակ․․․ Տառերի համադրությունը, որը որոշակի ձև է ձեռք բերում, գրականություն կոչվելու համար պիտի որոշակի փորձաշրջան անցնի՝ ոչ բոլոր տառերի համադրությունը կարող է լինել գրականություն, բնականաբար, բայց արդյո՞ք պետությունը պիտի գնահատի»:
Հարցին էլ՝ «որոշողը, գնահատողը ո՞վ է», Տեր-Վարդանյանը պատասխանեց. - «Մի քանի եղանակ կա՝ մեկը՝ ընթերցողները, երկրորդը՝ գրականագետները: Գրականագետներին խոսեցնել է պետք՝ էստեղ է հենց պետության դերակատարումը: Եվ մենք պիտի փորձենք գրական մամուլի միջոցով ակտիվացնել գրականագետներին, ովքեր կարծիք պիտի ասեն գրողի ու նրա ստեղծագործության մասին, որը նաև հուշող պիտի լինի ընթերցողներին, թե որ տեսակի գիրքը արժե ընթերցել՝ որպես խորհուրդ, որովհետև ցանկացած ընթերցող, մեծ հաշվով, խորհրդի կարիք ունի»:
«Մենք այս խորհուրդների լծակները պիտի ստեղծենք, բայց ոչ թե պետությունը խորհուրդ տա, ոչ թե պետությունը որոշի, թե որ ժամանակակից գրողը հրատարակվի, այլ՝ դրա մասնագետները», - շեշտեց մշակույթի փոխնախարարը: