Մատչելիության հղումներ

Սևանի դատարանի մոտ զինված միջադեպի փաստով քրգործ է հարուցվել․ ՔԿ-ն մանրամասներ է փոխանցում


Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ:

Երեկ ժամը 12-ին «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի և սրունքի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ռաֆիկ Հակոբյանը: Պարզվել է, որ Հակոբյանը հրազենային վնասվածքներն ստացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի դիմաց՝ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայի միջից արձակված կրակոցների հետևանքով, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են 1 հատ 12մմ տրամաչափի որսորդական հրացանի կրակված փամփուշտի պարկուճ և 1 հատ որսորդական հրացանի փամփուշտի միջադիր խից:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով», մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարցաքննվել են տարբեր անձինք։ Արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

«Մասնավորապես, նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր նախատեսված է եղել 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի սպանության գործով հերթական դատական նիստը, որին մասնակցելու համար դատարան է գնացել դատակոչված վկա Բորիկ Հակոբյանը՝ ծնված 1951թ. (սպանության գործով մեղադրյալի ազգականը), որդու ուղեկցությամբ։ Դատարանի շենքի մոտ վիճաբանություն է առաջացել սպանության գործով տուժողի հարազատների և նրանց միջև, որի ժամանակ բռնություն է գործադրվել վկայի նկատմամբ, ապա վերջինիս որդու կողմից որսորդական հրացանից արձակվել են կրակոցներ՝ ազդրի և սրունքի շրջանում հրազենային վնասվածք պատճառելով Ռ. Հակոբյանին», - ասված է հաղորդագրությունում: - «Բ. Հակոբյանի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել որսորդական հրացանը, միջոցներ են ձեռնարկվում որդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Բ. Հակոբյանի և Ռ. Հակոբյանի նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»։

Նախնական քննության տվյալները, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են համալիր քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ միջադեպին մասնակից անձանց գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական, հաղորդում է Քննչական կոմիտեն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG