Մատչելիության հղումներ

Քվեբեկում մեկնարկում է G7-ի, Ցինդաոյում՝ ասիական առաջնորդների գագաթնաժողովը


Այսօր Կանադայում մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը: Աշխարհի ամենազարգացած յոթ երկրների ակումբում վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել, ինչը մի շարք հրապարակումներում անգամ «առևտրային պատերազմ» բնորոշումն է ստացել: Ուշագրավ է նաև այն, որ Կանադա մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանը ևս պետք է մասնակցի «Մեծ յոթնյակի» ներկայիս հանդիպումներին:

Տարաձայնությունների հիմնական պատճառը ԱՄՆ նախագահի որոշումն է՝ բարձրացնել Եվրոպայից, Կանադայից և մի քանի այլ երկրներից ներմուծվող ալյումինի ու պողպատի մաքսազերծման դրույքաչափերը: Ու չնայած այդ որոշման հետևանքով առաջացած լուրջ տարձայնություններին, երկօրյա գագաթաժնողովի ընթացքում նախատեսված են Թրամփի առանձին հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Թրամփն, ի դեպ, չի սպասելու գագաթնաժողովի ավարտին․ Սպիտակ տան հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահը դրանից մի քանի ժամ առաջ լքելու է Կանադան: Այսինքն՝ շրջակա միջավայրի պահպանմանն ու գլոբալ ջերմացման խնդիրներին նվիրված նիստին Թրամփի փոխարեն մանսակցելու է նրա օգնականներից մեկը:

Ֆրանսիայի նախագահն ԱՄՆ-ի իր գործընկերոջը հորդորել է «ընկերների միջև տնտեսական պատերազմ չսկսել», քանի որ դրա հետանքով նա կարող է «միայնակ մնալ»: «Թվիթերի» իր միկրոբլոգում Մակրոնը գրել է՝ ԱՄՆ-ի նախագահը գուցե մեկուսանալուն դեմ չէ , բայց իրենք ևս դեմ չեն ակումբի մյուս վեց երկրներով, առանց ԱՄՆ-ի, ստորագրել գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը: «G 7-ի վեց երկրները միասին ավելի մեծ շուկա ունեն, քան ամերիկյան շուկան է: Սա չպետք է մոռանալ»,- նաև նշել է Ֆրանսիայի նախագահը:

Թրամփը պատասխանել է այդ գրառմանը, «Թվիթերում» նշելով՝ ինքը «Մեծ յոթնայկի» գագաթաժողովին է մեկնում՝ պայքարելու Ամերիկայի համար, որն առևտրին վերաբերող երբևէ եղած վատագույն գործարքն ունի: «Տեղեկացրեք վարչապետ Թրյուդոյին ու նախագահ Մակրոնին, որ նրանք ահռելի դրույքաչափերով են մաքսազերծում ամերիկյան ապրանքներն ու խոչընդոտներ են ստեղծում ԱՄՆ-ից արտահանումների համար: «ԱՄՆ-ի հետ Եվրամիության առևտրի բալանսի տարբերությունը 151 միլիարդ դոլար է կազմում, իսկ Կանադան ամերիկացի ֆերմերներին չի թողնում իր շուկա: Ամեն դեպքում ես անհամբերությամբ եմ սպասում երկու ղեկավարների հետ հանդիպմանը»,- գրել է Դոնալդ Թրամփը, մեկ այլ գրառմամբ էլ ընգծելով՝ Կանդան 300 տոկոսով հարկում է ամերիկյան կաթնամթերքը, «հարվածելով մեր ֆերմերներին ու սպանելով մեր գյուղատնտեսությունը»:

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, որն անցկացվում է Կանադայի Քվեբեկ քաղաքում, շարունակվելու է մինչև հունիսի 9-ը: Կանադայից Դոնալդ Թրամփը մեկնելու է Սինգապուր, որտեղ հունիսի 12-ին նա հանդիպելու է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունի հետ՝ քննարկելու Կորեկան թերակզու ապամիջուկայնացման խնդիրը: Սա պատմական հանդիպում է համարվում:

Ասիական առաջնորդները ևս հանդիպում են

Աշխարհի մյուս ծայրում էլ հանդիպում են Ասիայի խոշորագույն երկրների ղեկավարները: Չինաստանի արևելքում՝ Կորեական թերակղզու մոտ գտնվող Ցինդաո նավահանգստային քաղաքում հունիսի 9-10-ը անցկացվելու է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների գագաթնաժողովը: Այդ կազմակերպությանն անդամակցում են Չիանաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Կենտրոնկան Ասիայի չորս հետխորհրդային եկրներ: Իրանը ևս ցանկանում է անդամակցել ՇՀԿ-ին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Չինաստանում է, նա վաղ է մեկնել Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցելու նպատակով: Պաշտոնական ընդունելությունից հետո, մինչ երկկողմ բանակցությունների մեկնարկը, Սի Ծինփինն ասել է, թե անկախ միջազգային իրադրությունում առկա տատանումներից, Չինաստանը և Ռուսաստանը միշտ ամուր են պահել ու զարգացրել են իրենց հարաբերությունները, «որպես առաջնահերթություն»: Վլադիմիր Պուտինն էլ ավելի ուշ հայտարարել է, թե արդյունավետ հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավարի հետ: Երկկողմ հարաբերությունները նա որակել է որպես «ռազմավարական համապարփակ գործընկերային»:

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ հունիսի 8-ին սպասում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Ակնկալվում է, որ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի նախագահները կքննարկեն Իրանի և վեց գերտերությունների միջև 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված վիճակը: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Թրամփը շաբաթներ առաջ հայտարարել էր այդ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:

Չինաստանը Իրանի խոշորագույն առևտրային գործընկերն է, իրանական նավթի հիմնական սպառողներից մեկը: Պեկինը ծրագրում է ընդլայնել առևտրային համագործակցությունը Թեհրանի հետ, չնայած ամերիկյան պատժամիջոցների վտանգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG