Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյան․ Այսօր Մոսկվայի և Երևանի միջև հրաշալի փոխըմբռնման մթնոլորտ է


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ողջունում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, Մոսկվա, 7-ը հունիսի, 2018թ.
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ողջունում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, Մոսկվա, 7-ը հունիսի, 2018թ.

«Հայաստանի նոր կառավարությունը չի ասում, թե համաձայն է Ռուսաստանի հետ բոլոր հարցերում, սակայն մենք ունակ ենք միմյանց հետ աշխատել, մերձեցնել դիրքորոշումները, պայմանավորվել ու գնալ առաջ», - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ այսօր Մոսկվայի և Երևանի միջև հրաշալի փոխըմբռնման մթնոլորտ է, ընդ որում՝ ոչ միայն արտգործնախարարների, այլև նախագահ Պուտինի ու վարչապետ Փաշինյանի մակարդակով:

«Մենք բացարձակ հստակ ենք եղել մեր ձևակերպումներում, որ, նախ և առաջ, Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի կայունությունը և շարունակականությունը մնալու են անսասան, և որ Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ արտահայտված տեղ: Մենք մեր հարաբերություններում առաջ ենք շարժվում հենց այդ հենքի վրա հիմնվելով», - ասել է Մնացականյանը, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցով մեկնել էր Ռուսաստան, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մնացականյանը նշել է, որ ռուս ազդեցիկ դիվանագետների հետ աշխատանքի հարուստ փորձ ունի, և ընդգծել, որ ինքն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովը լավ են հասկանում միմյանց:

«Մենք Սերգեյ Լավրովի հետ սահմանափակ ժամանակ ունեինք և սեղանին դրված հաստափոր թղթապանակներ, բայց կարողացանք այդ ընթացքում անցնել բոլոր հարցերով: Մենք գործընկերներ ենք, դաշնակիցներ, որոնք համագործակցության ամուր ու խորը հիմք ունեն: Եվ երբ ասում ենք, որ մենք դաշնակիցներ ենք, նշանակում է, որ քննարկում ենք առկա բոլոր խնդիրները», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Մնացականյանը նշել է, որ օրակարգում եղել է նաև Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցը, սակայն խուսափել է ուղիղ պատասխանել հարցին՝ արդյոք Մոսկվան պատրաստ է հաշվի առնել հայկական կողմի մտահոգությունները Ադրբեջանին զենք վաճառելիս:

«Այսպես ասենք՝ այդ խնդիրն իր տեղն ունի մեր օրակարգում, և մենք այն քննարկում ենք որպես գործընկերներ», - ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների:

Ռուս լրագրողը հետաքրքրվել է նաև՝ ինչպես կարձագանքի Երևանը, եթե Ադրբեջանը փորձի անդամակցել ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակով: Առանց բառացի նշելու, որ Հայաստանը կարգելափակի այդ անդամակցությունը, Մնացականյանը միաժամանակ ընդգծել է՝ «մենք չենք կարող հաշվի չառնել առկա իրողությունները»:

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ մյուս կողմը կտրականապես հրաժարվում է որևէ տեսակի փոխհարաբերություններից, անգամ մարդկային շփումներից, էլ չեմ ասում տնտեսականի մասին: Այս դեպքում, ինչի՞ մասին է խոսքը, որ մենք ունենանք դիտորդ, որն անտեսո՞ւմ է անդամ երկրներից մեկին: Ադրբեջանը այսօր շրջափակման մեջ է պահում Հայաստանն ու Հայաստանի դեմ միակողմանի քայլեր ձեռնարկում, ամեն կերպ ատելության մթնոլորտ է հրահրում: Մինչդեռ Եվրասիական տնտեսական միությունը ստեղծված է համագործակցության համար: Այս պայմաններում դուք մեզնից ի՞նչ եք ակնկալում», - հարց է բարձրացրել Հայաստանի արտգործնախարարը:

Մնացականյանը չի թաքցրել, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը կարևորելով՝ հայկական կողմը, միաժամանակ, որոշակի հարցեր ունի կառույցի հետ:

«Դրանք, սակայն, սկզբունքային չեն և քննարկվել են Լավրովի հետ հանդիպման ժամանակ»,- ասել է նա՝ ընդգծելով. ֊ «ԵԱՏՄ-ն մեզ համար այն կարևոր մեխանիզմն է, որն աշխատում է զարգացման ուղղությամբ: Այն մեզ դուրս է բերում մեծ շուկաներ, հնարավորություն է տալիս ազատ աշխատել գործընկեր երկրների հետ և համագործակցել բազմաթիվ ոլորտներում: Այս ամենը նպաստում է, որպեսզի մենք կարողանանք զարգացնել մեր երկիրը, և դա արձանագրված է նաև մեր կառավարության ծրագրում»:

Ռուս լրագրողը փաստել է՝ իր ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը հայտարարեց նաև, որ Հայաստանը մտադիր է խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, մյուս կողմից, Երևանը ակտիվ համագործակցում է Եվրամիության հետ: «Դա Մոսկվային չի՞ նյարդայնացնում», ֊ հարցին Հայաստանի արտգործնախարարը արձագանքել է֊ «Կնայդայնացներ, եթե մենք մի գործընկերոջ հետ հարաբերությունները կառուցեինք մյուսի հաշվին, նման բան երբեք չենք արել», - արձագանքել է Մնացականյանը, ընդգծելով՝ Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները նպատակ ունեն նպաստել երկրի զարգացմանը, ինչը բխում է նաև Ռուսաստանի շահերից:

«Որքան մենք ամրապնդենք մեր դիրքերը, այնքան ավելի վստահ ու հուսալի գործընկեր կլինենք այն երկրների համար, որոնք մեզ հետ գործընկերային հարաբերություններ ունեն, և դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին», - ընդգծել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG