Հնարավոր է՝ էլեկտրաէներգիայի սակագինը սոցիալապես անապահով մոտ 120 հազար ընտանիքների համար հուլիսի 1-ից 10 դրամով նվազի: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Ընդ որում, սակագնի նվազման համար պետբյուջեից գումար չի ծախսվելու: Ըստ նախարարի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է պարտավորվել իր շահույթի հաշվին նվազեցնել սակագինը: «Համապատասխան բանակցությունների արդյունքում ճշտվել է, որ անապահով ընտանիքների համար, որոնք 110 հազարից 120 հազար են (կճշտվի այդ թիվը), այս պահին հնարավորություն կա, որ 10 դրամով իջեցնենք 1 կՎտ-ի գինը: Այսօրվա սակագներով անապահով ընտանիքները վճարում են կատարում ցերեկայինի համար 40 դրամ (1 կՎտ-ի դիմաց), գիշերայինի համար՝ 30 դրամ»,- ասաց նախարարը, ընդգծելով․ սակագնի՝ 10 դրամով նվազեցման դեպքում այդ թվերը համապատասխանաբար 10-ական դրամով կնվազեն:
Ներկայումս բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիան դիմաց վճարումներ են արվում ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային սակագներով․ 1 կՎտ/ժ էլկտրաէներգիայի ցերեկային սակագինն է 44,98 դրամ, գիշերայինը՝ 34,98 դրամ: Անապահով ընտանիքներն այսօր այս գնից մոտ 5 դրամ պակաս են վճարում: «ՀԷՑ-ի հետ տեղի ունեցած բանբակցությունների արդյունքում է, որ ՀԷՑ-ը պարտավորվել է իր շահույթի հաշվին, առանց ՀԾԿՀ-ի քննարկման, նվազեցնել սակագինը»,- ասաց Արթուր Գրիգորյանը, հավելելով, որ կազմակերպությանը դա կարժենա մոտ 2 միլիարդ դրամ:
Թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ինչու է որոշել հրաժարվել տարեկան 2 միլիարդ դրամ շահույթից, որպեսզի Հայաստանի անապահով 120 հազար ընտանքիների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազի, պարզ չէ: Այս հարցով մեկնաբանություն խնդրեցինք նաև ՀԷՑ-ից, սակայն պատասխան չստացանք:
Նախարար Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը շարունակ կրնում էր՝ ընկերությունը ճնշման չի ենթարկվել: «Ես ասում եմ՝ համատեղ քննարկում է եղել, արդեն մոտ մեկ շաբաթ միասին քննարկում ենք, վերլուծում ենք: Մենք ունեինք հնարավորություն՝ այդ գործընթացն առաջարկել ՀԾԿՀ-ին, սակայն ՀԷՑ-ը խնդրեց, որ իրենք իրենց միջոցներով անեն, քանի որ ՀԷՑ-ում գոյություն ունի երկարատև ներդրումային ծրագիր, կա նաև վարկունակության խնդիր, կա նաև իրենց ռեյտինգի խնդիրը, միջազգային կառույցների առջև ունեն լուրջ պարտավորություններ: Մենք ընդամենը ընդառաջել ենք, մեր կողմից որևէ ազդեցություն չկա և չէր կարող լիենել»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի ընդհանուր սակագնի նվազման հնարավորությանը, նախարարն ասաց, թե այդ հարցին կարելի է պատասխանել միայն այս տարվա վերջին, երբ կթարմացվի ռուսական կողմի հետ գազի մատակարարման շուրջ պայմանագիրը: Նախարարը չբացառեց, որ որոշակի պայմաններում բանակցություններ տարվեն իրանական կողմի հետ՝ «ամեն ինչ հնարավոր է»: «Մենք շահագրգիռ ենք, որ Հայաստան ներկրվի էժան գազ»,- ասաց Արթուր Գրիգորյանը: