Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում այսօր կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանն ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական իշխանությունների տեսլականին:
Հանդիպման արդյունքում ակնկալվում է ձևավորել խնդիրների հաղթահարման վերաբերյալ Աֆղանստանում իրականացվող առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի և գործընկեր երկրների այլ պաշտոնյաների հետ: