Ըստ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, «անազատության մեջ լինելու ապացուցման բեռը կրում է նախաքննության մարմինը»։
Զեյնալյանի խոսքով՝ եթե նախաքննության մարմինը չկարողացավ հիմնավորել, որ անձը, ում համար միջնորդել են, կխոչընդոտի նախաքննությանը, ապա գործում է ազատության կանխավարկածը։ Սա է սկզբունքը, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց արդարադատության նախարարն՝ անդրադառնալով ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի գործին։
«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեց նախարարից, թե «ինչի՞ արդյունք է, երբ Մասիսի քաղաքապետը կալանավորվում է, հետո խափանման միջոցը փոխվում է, նրան կալանքից ազատ են արձակում. դատախազությունում գործը վերանայվում է, մի կողմն ասում է՝ «այո՛, նա պետք է նստեր», փաստաբանն էլ ասում է՝ «չկա հիմնավորում»։ «Մեր մեջ եղած այն ստերիոտիպի, որ եթե մենք չենք հավանում կասկածյալին, ապա նա պետք է կալանավորվի, եթե հավանում ենք, ապա պետք է ազատ արձակվի», - հարցին արձագանքեց Զեյնալյանը՝ շարունակելով․ - «Ո՛չ, դա այդպես չի։ Անազատության մեջ լինելու ապացուցման բեռը կրում է նախաքննության մարմինը, և եթե նա չկարողացավ հիմնավորել, հաստատել, ապացուցել, որ անձը, ում համար միջնորդել են, կխուսափի նախաքննությունից, չկարողացավ ապացուցել, որ նա կխոչընդոտի նախաքննությանը, չկարողացավ ապացուցել, որ նա հանցանք կկատարի, ապա գործում է ազատության կանխավարկածը՝ սա է սկզբունքը։ Մենք Եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր ենք պարտվել այն հիմքով, որ նախաքննության մարմինը չի կարողացել հիմնավորել ու ապացուցել, ու դատարանը տվել է կալանք»։
Հարցին, թե սա այդ դեպքերից մե՞կն է, Զեյնալյանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ հենց սա այն դեպքերից մեկն է, և օրինաչափը պետք է լինեն հենց այսպիսի դեպքերը»։
Օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ են ներելու «Սասնա ծռեր»-ի ցուցարարներին, որոնց երեք տարի դատեցին անմեղ տեղը», արդարադատության նախարարը պատասխանեց. - «Մարդու ընկալումն է, որ անմեղ են դատվել, բայց սա միակ ճշմարտությունը համարել սխալ կլինի, որովհետև կարող են լինել նաև այլ տեսակետներ։ Կան դատական ակտեր՝ անկախ նրանից մեր վերաբերմունքն այդ դատական ակտերի նկատմամբ, կան սկզբունքներ, որոնց կպնել, սասանել չի կարելի։ Բնականաբար, մենք մտածում ենք այս ուղղությամբ, և այդ խնդրին, կարծում եմ, լուծում կտրվի»։
Մեկ այլ օգտատիրոջ հարցին, թե «ի՞նչ կարծիքի է, որ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացրած որոշումների համար պետք է պատասխանատվություն կրեն անձամբ դատավորները և ոչ թե մենք՝ հարկատուներս», Զեյնալյանը պատասխանեց. - «Կարող է լինել և չի կարող չլինել ուղղակի այնպես, որ Եվրոպական դատարանում պետությունը պարտություն չկրի։ Պարտություն կրելու պարագայում Հայաստանի Հանրապետությունն անձին վճարելու է արդարացի հատուցում, և կխնդրեի հարց տվողին պատասխանել հետևյալ հարցին՝ ո՞ր դատավորին պետք է ենթարկել պատասխանատվության․ երեք ատյանով անցել է, Վերաքննիչից սկսած կոլեգիալ կազմով են քննել, և առկա է խորհրդակցական սենյակի գաղտնիքի անբեկանելի սկզբունք և՛ Վերաքննիչում, և՛ Վճռաբեկում։ Դատավորին պատասխանատվության ենթարկելու պահանջը, իմ խորին համոզմամբ, հակասում է արդար դատաքննության օբյեկտիվ իրավունքին»։