Մատչելիության հղումներ

Ջրաշենի 18 տարվա գյուղապետը ուրախ է, որ համագյուղացիներն իրենից վախենում են


Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 18 տարվա գյուղապետի դեմ կրքեր են բորբոքվել։ Տարեկան 120 միլիոն դրամի բյուջե ունեցող գյուղում արված ծախսերը գյուղապետի նախկին թեկնածու Սամվել Հովհաննիսյանի կողմնակիցներին չեն գոհացնում։ Ցույց են տալիս հողատարածքներ, շենք֊շինություններ ու պնդում՝ գյուղապետի կամ նրա ընտանիքի սեփականությունն են։

«Գյուղում ամեն ինչ մենաշնորհած է, գյուղի կլուբը.... հողերը», ֊ ասում են գյուղապետ Վահան Ուռուսյանի հակառակորդները։

Գյուղապետը հերքում է. իրենից դժգոհները 3,600 բնակիչ ունեցող գյուղում փոքրամասնություն են։ Ընտրությունները վկա՝ ասում է։

֊ Ասում են վախի մթնոլորտ կա։
֊ Ինձանից են վախենո՞ւմ, էդ լավա, որ վախենում են։ Ես ուրախ եմ, որ ինձնից վախենում են....

Նրանք, ովքեր վախ չունեին եկել ու դեմ-դիմաց գյուղապետ Վահան Ուռուսյանին երեսով էին տալիս. 88֊ի երկրաշարժից հիմնովին ավերված գյուղում բնակարանաշինությունը կեղծիքներով է իրականացվել, կաշառքով կամ հովանավորչությամբ են կազմվել տան կարիք ունեցողների ցուցակները, անգամ տեղեկանքի հարցում մերժված են եղել ընտրություններին իրեն ձայն չտված գյուղացիները։

Փորձելով «կլյաուզայից» իրեն հեռու պահել, գյուղապետ Վահան Ուռուսյանն իր հաշվապահի միջոցով ներկայացնում է արված ծախսերը։

Անցած տարի 23 միլիոն դրամ է հատկացվել տրանսպորտային ծախսերի համար, որից 9,5 միլիոն դրամով գյուղապետն իր համար «Լեքսուս» մակնիշի ծառայողական մեքենա է ձեռք բերել։

2007 թվականի արտադրության «Լեքսուս»-ի վարորդն իր եղբայրն է։ Չի հերքում՝ ամսական 160 հազար դրամ էլ աշխատավարձ է սահմանել՝ իր տեղակալի ու օգնականի աշխատավարձին գրեթե հավասար։

«Ուրիշի չեմ վստահում կյանքս», ֊ բացատրում է գյուղապետը։

Գյուղապետի կինը ամեն ամիս տեղական բյուջեից 60 հազար դրամ վարձակալության գումար է ստանում։ Վահան Ուռուսյանը չի թաքցնում. գյուղապետարանը տարիներ շարունակ գործել է նախկին դպրոցի շենքում։ Հետո սեփականատեր ընկերությունը սնանկ է ճանաչվել, լուծարային հանձնաժողովը աճուրդով վաճառել է շենքը։ Աճուրդի միակ մասնակիցը իր կինն է եղել, ով էլ 800 հազար դրամով ձեռք է բերել բավականին ընդարձակ շինությունն ու ամուսնու հետ վարձակալության պայմանագիր կնքել՝ թույլատրելով արդեն իր սեփական տարածքում շարունակել գյուղապետարանի գործունեությունը։

֊ Պարո՛ն Ուռուսյան, բայց տրամաբանական համարո՞ւմ եք, որ գյուղապետարանի շենքը հենց գյուղապետը սեփականության իրավունքով վերցնի ու տա իր կնոջը։
֊ Իսկ ո՞րտեղ է արգելվում, եթե սեփականություն է՝ ես իրավունք ունե՞մ խլեմ իրանից ու անհատույց նստեմ իրա շենքում։ Կա՞ տենց բան։
֊ Ոնց եղավ, որ մենակ Դուք տեղեկացաք այդ մասին, որ էս շենքը սեփականաշնորհվում է։
֊ Հայտարարությունը կարդացել եմ, գնացել դիմել եմ, ի՞նչա եղել։
֊ Հիմա այստեղ կոռուպցիոն խնդիր չե՞ք տեսնում։
֊ Ոչ։

Ջրաշենում գյուղապետի ընտրություններ վերջին անգամ երկու տարի առաջ են տեղի ունեցել։ Գործող գյուղապետը մինչև հաջորդ ընտրություններ դեռ պաշտոնավարելու ժամանակ ունի, բայց ոտքի կանգնած գյուղացիները վճռական են. ասում են, գյուղապետին օր առաջ պաշտոնազրկելու են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG