Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Սարգսյանը ողջունել և կարևորել է Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու հնարավորությունների վերաբերյալ:
Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները հպարտությամբ փաստել են Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը և անձամբ նախագահ Սարգսյանի կարևոր և հավասարակշռող դերն այդ գործում: