Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում:
Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն ձևավորված բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում:
Իր կողմից նախագահն ամենայն աջակցության պատրաստակամություն է հայտնել դեսպանի բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Դեսպան Կոպիրկինը ՀՀ նախագահին փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները:
Նա վստահեցրել է, որ կանի հնարավորն ավելի խորացնելու և ամրապնդելու երկու երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով նոր ուղղություններ:
Հիշեցնենք, Երևանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում Սերգեյ Կոպիրկինը փոխարինում է Իվան Վոլինկինին, ով Հայաստանում ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարեց հինգ տարի: