Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության՝ խորհրդարան բերած ծրագրի առաջնային կետերից է: Վարչապետը հայտարարեց՝ իրենց հիմնական նպատակը ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների հնարավորությունը ժողովրդին վերադարձնելն է. ֊ «Ինչպես հեռացել է կեղծիքներով և ընտրակաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով ու ընտրակաշառքով ձևավորված օրենսդիր իշխանությունը»։
Փաշինյանի ղեկավարած գործադիրը ցանկանում է բարեփոխել ընտրական օրենսդրությունը, հրաժարվել «ռեյտինգային» ընտրական համակարգից ու առավելագույնը մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ինչո՞ւ ոչ հենց հիմա: Փաշինյանի պնդմամբ՝ դա իրենց ամենաձեռնտու տարբերակն է․ թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ ոգևորված են, իրենք էլ կասկած չունեն, որ իրենց քաղաքական թիմն այդ պարագայում կհաղթի բացարձակ մեծամասնությամբ։ Բայց, հավաստիացրեց, ուզում են քաղաքական մյուս ուժերին էլ հնարավորություն տալ նախապատրաստվել ընտրություններին, քաղաքացիներին էլ՝ ընտրություն կատարել գործող կառավարության արդյունքների հիման վրա. ֊ «Եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել և նոր իշխանությանը, ինչպես բազմաթիվ նախկինների՝ առաջ է մղում բացառապես իշխանությունը պահպանելու մոլուցքը և ընտրություններն անցկացվում են մի պայմաններում, երբ ժողովուրդը ընտրական համակարգի միջոցով իշխանությունը փոխելու իրական հնարավորություն չունի, այս անգամ էլ ետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով»:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի զարգացումը արգելափակած առանցքային խնդիրը ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի հետևողական ձևախեղումն է եղել։
ԱԺ֊ի ամբիոնից վարչապետը հայտարարեց՝ Հայաստանի անկախացումից հետո տեղի ունեցած համապետական բոլոր ընտրությունների արդյունքները՝ բացառությամբ 1991-ի նախագահական և 1999-ի խորհրդարանական ընտրությունների, կեղծվել են: Խորհրդարանական ընտրությունները կեղծելու ճանապարհին, ըստ Փաշինյանի, օգտագործվել են սպառնալիքները, վարչական լծակները, ֆիզիկական բռնությունները, քվեաթերթիկների լցոնումը, իսկ անցած ընտրություններում՝ նաև ընտրակաշառքի համատարած բաժանում է եղել։
Իսկ ինչո՞ւ պատշաճ քննություն չի իրականացվել, մեղավորները արժանի պատիժ չեն կրել,Փաշինյանն ասում է՝ որովհետև որպես մեղավոր իշխանությունները պետք է բացահայտեին իրենք իրեց:
«Հայաստանում գործել է պետություն՝ պետությունից դուրս: Ձևավորվել է ընտրակեղծարար արտոնյալների մի խավ, ներառյալ՝ նրանց սպասարկող դատաիրավական համակարգը և նրանց հովանավորող պետական իշխանությունը, որը դուրս է եղել օրենքից և Հայաստանի օրենքները նրանց անհրաժեշտ են եղել միայն քաղաքական հակառակորդներին և անվերահսկելի տարրերին վերահսկելու, հետապնդումների ենթարկելու, ծնկի բերելու համար: Եվ պետությունը բռնազավթած այս ապապետական համակարգը մարդկանց լռեցնելու, վարկաբեկելու, իրար դեմ հանելու, ֆիզիկական և հոգեբանական հաշվեհարդարի ենթարկելու համար միլիոնավոր դոլարներ է ծախսել», ֊ հայտարարեց վարչապետը:
Ընտրությունները կեղծող իշխանությունը, ըստ Փաշինյանի, իր առջև չի դրել շոշափելի տնտեսական աճ ապահովելու խնդիր․ ֊ «Որովհետև ներառական տնտեսական աճը, որի ազդեցությունը իրենց վրա զգում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, դժվարացնում է մարդկանց վերահսկելու գործընթացը և ոչ միայն փոքրացնում ընտրակաշառքի ազդեցությունը, այլև մեծացնում դրա պոտենցիալ չափը, որովհետև ավելի բարեկեցիկ մարդը պակաս հակված կլինի ընտրակաշառքին, իսկ հակված լինելու դեպքում շատ ավելի մեծ ակնկալիք կունենա: Իսկ նման իրավիճակում փողերը կարող են և չհերիքել»:
Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, պատմական առաքելություն ունի՝ Հայաստանը հզոր, ազատ և երջանիկ պետություն դարձնելը:
Մտադիր են էականորեն մեծացնել պետական եկամուտները, կրճատել ստվերային տնտեսությունը, ոչնչացնել արհեստական տնտեսական մենաշնորհները, հավասար հնարավորություններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար, արմատախիլ անել կոռուպցիան:
«Վարչապետի պաշտոնում չեմ մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, վարչապետի պաշտոնավարումից որևէ կողմնակի եկամուտ չեմ ունենալու, որևէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու։ Ցանկացած պաշտոնյա, դատախազ, միլպետ, հարկայինի պետ, նախարար և այլն, ով կփորձի փայ մտնել որևէ բիզնեսում, այսպես ասած՝ «նալոգ դնել» որևէ գործարարի վրա, իմ անձնական թշնամին է և պիտի սպասի պետության ու օրենքի ջախջախիչ հակահարվածին։ Որևէ մեկը չմտածի, թե կարող է խուսափել պատասխանատվությունից. բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք նույնիսկ ամենահեռու և ամենամութ ծակերից», ֊ ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը կարևորեց Մարտ 1-ի տասը սպանությունների բացահայտումը։ Ասաց՝ իրավապահներին արդեն հանձնարարականներ է տվել. ֊ «Իրավապահ այն համակարգը, այն մարմինը, որը կբացահայտի մարտի մեկի սպանությունները, իր անունը ոսկե տառերով կգրի Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ։ Եվ ընդհակառակը՝ իրավապահ համակարգի աշխատանքը բավարար գնահատել չեմ կարող այնքան ժամանակ, քանի դեռ մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն»։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ վերականգնելու են Հայաստան-Ադրբեջան ռազմական խախտված հավասարակշռությունը՝ զարկ տալով Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրին: Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին, հայտարարեց, հակադրելու են ինովացիոն տեխնոլոգիաներն ու միտքը։
Անդրադարձավ նաև նախկինում արած իր հայտարարությանը, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում ԼՂ-ի ղեկավարությունը. ֊ «1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից:
Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում»։