Այս տարի Լոռու մարզում էականորեն աճել է կոռուպցիոն բնույթի քրեական գործերի թիվը։ Եթե անցած տարվա ընթացքում հարուցվել էր 18 քրեական գործ, ապա 2018 թվականի առաջին 5 ամիսներին Լոռու մարզում քննվում է կոռուպցիոն բնույթի արդեն 26 գործ։ 31 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, 13 անձի վերաբերյալ գործերն արդեն ուղարկվել են դատարան։
Լոռու մարզի Ձյունաշող, Միխայլովկա, Լուսաղբյուր, Մեծ Պարնի, Սարալանջ, Սվերդլով համայնքներում և Օձուն խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրում պաշտոնեական դիրքը չարաշահելով վատնումներ և կեղծիքներ կատարելու փաստերովով հարուցվել են քրեական գործեր։ Նշված համայնքների ղեկավարները կամ վարչական ներկայացուցիչներն ունեն մեղադրյալի կարգավիճակ, «Ազատությանը» տեղեկացրեց մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը։
Միլիոնավոր դրամների չարաշահումներ են հայտնաբերվել համայնքապետարաններում։ Մարզի 7 համայնքների ղեկավարներ 2014-16 թվականներին կազմել, հաստատել և մարզպետարան են ներկայացրել պարարտանյութ կամ ցորենի սերմացու գնել ցանկացող հողօգտագործողների կեղծ ցուցակներ: Գյուղացիները հայտարարել են, որ պետական աջակցության ծրագրով բաշխվող ազոտական պարարտանյութը և ցորենի սերմացուն կա՛մ չեն ստացել, կա՛մ էլ դրանց դիմաց վճարել են, չնայած վերջիններիս անունները մնացել են պարտատերերի ցուցակներում, որոնք ներկայացվել են մարզպետարան։ Ավելի ուշ կառավարությունը ներել է ազոտական պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիների պարտքը։
Մասնավորապես, «Միխալովկա համայնքի ղեկավարը ձևականորեն ներառել է համայնքի թվով 66 շահառու բնակիչների տվյալներ, որի արդյունքում յուրացրել է 7,870,000 ՀՀ դրամ արժողությամբ 65,583 կգ պարարտանյութ, այն օգտագործելով իր կողմից մշակվող հողերը պարարտացնելու նպատակով, մի մասն էլ հատկացրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Լոռու մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին», հայտարարել է դատախազությունը:
«Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզել ենք, որ Լոռու մարզպետարանի աշխատակիցների կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվել ինչի արդյունքում առանձին համայնքի ղեկավարներ յուրացրել են գյուղացիներին հասանելիք կա՛մ աշնանացան ցորենը, կա՛մ պարարտանյութը, կա՛մ դրանց դիմաց ստացված գումարները», ֊ ասաց դատախազ Արսեն Մարտիրոսյանը։
Մարզպետարանի իրավասու անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ևս հարուցվել է քրեական գործ։
Լոռու մարզի դատախազությունը ընտանեկան նպաստները յուրացնելու, համայնքապետարանում կեղծ աշխատակիցներ ձևակերպելու փաստեր է հայտնաբերել Մեծավան համայնքում։ Ըստ նախնական տվյալների համայնքի ղեկավարը յուրացրել է մոտ 8 միլիոն դրամ։
«Սա մարզում եզակի դեպքը չէ։ Ղուրսալի, Վահագնի համայնքներում և Օձուն խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրում ևս որոշակի փաստեր կան, որ անձինք ձևականորեն ընդունվել են աշխատանքի և կրկին աշխատանքի չհաճախելու պայմաններում նրանց անվամբ գումարներ են փոխանցվել», ֊ ասաց Արսեն Մարտիրոսյանը։
«Քրեական գործ հարուցելուց հետո Միխայլովկա և Ձյունաշող համայնքների ղեկավարները ձերբակալվել են, տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, պետությանը պատճառված վնասի որոշակի մասը վերականգնվել է, արգելանք է դրվել այդ անձանց պատկանող գույքի վրա, հիմքեր չեն եղել գյուղապետերին կալանքի տանելու, դրա համար ազատվել են և այս պահին ունեն մեղադրյալի կարգավիճակ», ֊ «Ազատությանը» տեղեկացրեց Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը։