Մատչելիության հղումներ

Մասիսի քաղաքապետի փաստաբանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ


Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի բողոքի ու լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:

Բանն այն է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր վստահորդի՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել ու գրել․ - «Շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք առայժմ մեղադրյալ անհիմն մեղադրանքով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ իմ գրասենյակում»:

SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանն էլ գրել էր, թե հույս ունի, որ դա ուժեղ սարկազմ է: Պատասխան գրառումներից մեկում փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայհոյել էր Գայֆեջյանին: Վերջինս իր շահերի պաշտպան Վահե Գրիգորյանի հետ դիմել են դատարան՝ պնդելով, որ փաստաբանը վիրավորել է Վիլեն Գայֆեջյանի պատիվն ու արժանապատվությունը:

«Ուղղակի չհասկացա կապը իր հայհոյանքի ու իմ գրառման, որովհետև լրիվ տեղին չէր», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Գայֆեջյանը: - «Ո՛չ վիրավորական բան կար իմ գրածի մեջ, ո՛չ արժանապատվության հարց կար: Ես ուղղակի գրեցի իմ սուբյեկտիվ կարծիքը, որ՝ իմ կարծիքով սա մեծ սարկազմ է: Ինքը գրեց, որ չէ՝ սա սարկազմ չէ, շատ լավ մարդ ա, կարող ես ինքդ մոտենալ, ծանոթանալ: Ես էլ ասացի, որ ես ցանկություն չունեմ ծանոթանալ էն մարդու հետ, ով ցուցարար ա ծեծում՝ գրածիս միտքը դա էր: Ու մարդկային հատկանիշները ընկնում են հինգերորդ պլան էդ դեպքում: Ու ինքը դրա դեմ արդեն հայհոյախոսություն արեց»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը երեկ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանելով օգտատերերի հարցերին, թե ինչու՞ է հայհոյել իր կարծիքը չկիսողներին, նշել էր՝ հայհոյանքին հայհոյանքով եմ պատասխանում: Ասաց՝ ֆեյքային հարձակում է եղել իր վրա, սպառնալիքներ են հնչել կնոջ, իր ու երեխաների վրա: Ընգծեց՝ «իմ նյարդերն էլ կարող են տեղի տալ, դա մարդկային է ու նորմալ»: Ասաց՝ Վիլեն Գայֆեջյանն իրեն հայհոյել է, հետո հեռացրել գրածն ու տարածել է միայն իր պատասխանը․ - «Հայհոյանքս եղել է ի պատասխան, բայց քանի որ դա պրոֆեսիոնալ կազմակերպված ֆեյքային հարձակում էր, ջնջում էին իրենց հայհոյանքը, թողնում էին իմ հայհոյանքը: Ես մի քանի հոգու պատասխանեցի ըստ արժանվույն, հետո հասկացա, որ 300 հոգի, որից երևի 80 տոկոսը միանման էջերով, հասկացա, որ սա ֆեյքային հարձակում է»:

«Ազատության» դիտարկմանը, թե Վիլեն Գայֆեջյանը ֆեյք չէ, և նրա գրառման մեջ որևէ հայհոյանք չկա, Աթանեսյանը պատասխանեց․ - «Վիլենը չի ֆեյք, չէ, ես ասում եմ՝ 80 տոկոսն էին ֆեյք: Վիլենը թող իրեն կարգին պահի և «աչոկներ» չհավաքի էս պահերին: Հայհոյանքները․․․ դուք չեք տեսել ամբողջականը, որովհետև ես այն բլոկ եմ արել և ջնջել եմ, դա իմ էջում էր»:

Այս առնչությամբ Գայֆեջյանը հակադարձեց․ - «Բացառվում է, ես ոչ մի ավելորդ բառ, ոչ մի հայհոյանք չեմ գրել»:

Գայֆեջյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանն էլ «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Վիլենը չի հայհոյել, դա զրպարտանք է ու դրանով առաջիկայում կզբաղվեն: Այսօր դիմել են Փաստաբանների պալատ ու դատարան:

«Հիմնական պահանջը ուղղված է լինելու նրան, որ Տիգրան Աթանեսյանը զրկվի փաստաբանի լիցենզիայից», - նշեց Վահե Գրիգորյանը:

Փաստաբանների պալատի տարածած հայտարարությունում ասված է՝ ըստ դիմողի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրապարակային հարթակներում վիրավորական գրառումներ և հայհոյանքներ է կատարել, ինչպես նաև կատարված հայհոյանքները և վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու և շարունակելու վարքագիծ է դրսևորել: Կարգապահական գործը հանձնվելու է պալատի խորհրդի քննությանը:

Դեռ երեկ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում օգտատերերը հետաքրքրվել էին Աթանեսյանից՝ արդյո՞ք որպես փաստաբան էթիկա չի խախտում և արդյո՞ք կարգապահական վարույթ հարուցելու հիմք չի տեսնում, Աթանեսյանն արձագանքել էր՝ դա իմ անձնական էջն է ոչ մեկի գործը չէ: Հարուցված վարույթներն էլ, ասաց՝ մեկը չեն, երկուսը չեն:

«Վարույթներ, եթե չեմ սխալվում, հիմա ընթացիկ մի չորս հատ կա, մի ութ հատ էլ դատարանում եմ վիճարկում: Դե թող մի հատ էլ հարուցեն, մի երեք հատ էլ հարուցեն: Ես վաղուց, կներեք, թքած ունեմ իրենց հարուցած վարույթների վրա», - հայտարարեց փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG