Մատչելիության հղումներ

Հանրապետականը կորցնում է բացարձակ մեծամասնությունը ԱԺ-ում


Հանրապետական խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, 22-ը մայիսի, 2018թ․
Հանրապետական խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, 22-ը մայիսի, 2018թ․

Երբեմնի իշխող Հանրապետական խմբակցությունը կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Այսօր խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրեց նաև գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ինչի արդյունքում 58 հոգանոց խմբակցությունում այս պահի դրությամբ մնացին 52֊ը:

Հիշեցնենք, Սամվել Ալեքսանյանից առաջ Հանրապետական խմբակցությունը լքեցին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը և գործարար պատգամավորներ Արման Սահակյանը և Արտակ Սարգսյանը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ խմբակցությունից դուրս գալու դիմումը Ալեքսանյանն այսօր է ներկայացրել, և վաղը խմբակցությունը կքննարկի ինչպես նրա, այնպես էլ մյուս գործարար պատգամավորների՝ Արտակ Սարգսյանի և Արման Սահակյանի նմանատիպ դիմումները:

Բաղդասարյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ բիզնեսի ներկայացուցիչներն ազատ են իրենց գործողություններում, և նրանց հեռանալով խմբակցությունը ինքնամաքրվում է:

Այսպիսով, Հանրապետական խմբակցության պատգամավորների թիվը դառնում է 52:

«Մենք այսօր բացարձակ մեծամասնություն չենք, մենք մնում ենք խորհրդարանում ամենաշատը ներկայացված քաղաքական ուժը», -«Ազատության» հետ զրույցում պարզաբանեց հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը: - «Այսինքն՝ առաջին ֆրակցիան, իր ձայների քանակով, իսկ եթե մնացած բոլոր պատգամավորները միասնական քվեարկություն են դրսևորում, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»:

Ազգային ժողովը, հիշեցնենք, ունի 105 պատգամավոր, ինչը նշանակում է, որ Հանրապետական խմբակցությունը, պահպանելով հանդերձ մեծամասնությունը, խորհրդարանում, կորցնում է բացարձակ մեծամասնությունը, այն է՝ մանդատների 50 գումարած 1 տոկոսը:

Ի դեպ՝ Արմեն Աշոտյանը շեշտեց՝ իրենց խմբակցությունից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է պետական ապարատի հնարավոր ռեպրեսիվ գործողություններով: Մեր հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակը, երբ Հանրապետականը կորցրեց բացարձակ մեծամասնությունը, Աշոտյանը պատասխանեց․ - «Իրավիճակը պետք է գնահատել քաղաքական պրոցեսների տրանսֆորմացիայի հունի մեջ: Ակնհայտ է, սակայն, սակայն պետք է ասել, որ ֆրակցիայից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է նաև պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով կամ մտավախություններով»:

Մեր ճշտող հարցին՝ կարծում է, որ իսկապե՞ս կար ռեպրեսիաների ռեալ մտավախություն, Աշոտյանը պատասխանեց․ - «Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովում իմ առաջին ելույթներից մեկը եղել է հենց այն մասին, որ կան մտահոգություններ, մտավախություններ քաղաքական հետապնդումների հետ կապված: Այսօր քաղաքական հետապնդումները փորձում են, երբեմն, քողարկել արդարության գործընթացով, բայց ես ուզում եմ հատուկ շեշտել, որ կարծեք թե կա սելեկտիվ, ընտրողական արդարադատության միտում»:

Հանրապետական խմբակցության մեկ այլ պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ, անդրադառնալով մեկը մյուսի ետևից խմբակցությունը լքելու գործընկերների քայլին, «Ազատության» հարցին ի պատասխան շեշտեց՝ եթե Հանրապետականում 1 հոգի էլ մնա, ապա միևնույնն է՝ ինքը չի լքի խմբակցությունը:

«Ազատության» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ խմբակցությունում մնալու իր վճռականությունը, Կոստանյանը պատասխանեց․ - «Որովհետև ես կարող եմ խմբակցությունից դուրս գալ այն դեպքում, եթե որոշում կայացնեմ, որ ես պատգամավորական մանդատս եմ վայր դնում»:

Ի դեպ, խմբակցության մեկ այլ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դեռևս հստակ ասել չի կարող, կմնա Հանրապետականում, թե ինքն էլ՝ իր մյուս գործընկերների օրինակով կլքի խմբակցությունը:

«Ճիշտն ասած՝ այս պահին չեմ որոշել, բայց այդպես՝ կարծրացած կարծիքի էլ չեմ՝ «այո» կամ «ոչ»-ի: Տեսնեմ, կյանքը ցույց կտա, ես կնայեմ ամեն դեպքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Մեր ճշտմանը՝ այսինքն չի՞ բացառում, որ ինքն էլ դուրս գա, պատասխանեց՝ «որևիցե բան քաղաքականության մեջ չի բացառվում»:

Ալիկ Սարգսյանը նաև շեշտեց՝ կուսակցությունում պետք է մնան գաղափարական մարդիկ, իսկ գործարարները պետք է զբաղվեն գործարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG