Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը լիահույս է, որ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը օրերի հարց է


Այսօր իր վերաքննիչ բողոքի քննությանը 10 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր գործիչը հայտարարեց, թե աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անգամ եթե մարտավարական տարաձայնություններ կան․ - «Գլխավոր մեր խնդիրը այսօր բոլորի ազատությունն է: Բոլորդ տեսնում եք, թե ինչպիսի կնճռոտ խնդիր է մեր առաջ դրված: Միաժամանակ մենք մեր քայլերով պետք է գործող իշխանությանը՝ հանձինս պարոն վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի, պիտի նեցուկ կանգնենք, որ այս դժվարին գործընթացից միասին պատվով դուրս գանք և հետո սկսենք պետական շինարարությունը»:

Շուրջ երկու տասնամյակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարած Սեֆիլյանը, որ ազատազրկվել է երկու նախագահների օրոք էլ, ասում է, որ պետք է անել ամեն ինչ, որ Հանրապետականները մոռանան իշխանության ճանապարհը․ - «Ռևանշիստների հույսերը մեկընդմիշտ պիտի վերանան, նրանք նույնիսկ երազում պիտի չտեսնեն, որ կարող են նորից վերադառնալ: Այդ արգելքը մենք չենք դրել, մեր ժողովուրդն ա դրել: Մենք տեր պիտի կանգնենք այս զարթոնքին: Եվ գաղափարական, քաղաքական տարաձայնություններ եթե լինում են, մասնավորապես նաև մարտավարական իմաստով, առաջիկա ամիսներին ես կարծում եմ, որ բոլոր գիտակից ուժերը պիտի կարողանան մեկ կողմ դնել այդ տարաձայնությունները և վերջապես երկրի մաքրագործման աշխատանքը հիմնավոր իրականացնեն: Մենք շատ ենք կարևորում գործընթացին վիրաբուժական մոտեցում ցուցաբերելը, որովհետև մեր դեմ կանգնած հրեշը, այո, այսօր տապալված է, բայց տակավին գերեզմանոցում չի»:

Ամենայն հավանականությամբ արդեն վաղը կավարտվի Սեֆիլյանի և մյուսների վերաքննիչ բողոքի քննությունը: Բոլոր մեղադրյալները պահանջել են արադարացում:

Իսկ այսօր դատարանը հետաձգեց Գևորգ Սաֆարյանին և Ներսես Պողոսյանին ազատ արձակելու միջնորդության քննությանը՝ հայտարարելով, որ հարցին կանդրադառնա դատավարության ավարտին: Փաստաբաններն էլ որոշեցին արագացնել դատաքննությունը ու հրաժարվեցին բանավոր կարգով ներկայացնել վերաքննիչ բողոքները:

Ներսես Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել «Ելք»-ի պատգամավորները:

Ի դեպ, մեղադրող դատախազն այսօր հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ՝ նշելով, որ չի առարկում, որ Սաֆարյանի և Սեֆիլյանի խափանման միջոցը փոխվի, քանի որ, պայմանավորված քաղաքական նոր իրողությամբ, նվազել է վտանգը, որ ազատության մեջ նրանք նոր հանցանք կգործեն: Ավելին՝ դատախազն իր հերթին միջնորդեց դատարանին հաշվի առնել պատգամավորների երաշխավորագիրն ու փոխել մեղադրյալների խափանման միջոցը:

Ժիրայր Սեֆիլյանը իր խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու է միայն մյուսների ազատ արձակվելու հետո:

Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Ժիրայր Սեֆիլյանն իր իսկ գործով քննությանն այդպես էլ չկարողացավ ո՛չ ցուցմունք տալ, ո՛չ էլ հանդես գալ պաշտպանական ճառով և անգամ վերջին խոսքով․ դատավորը թույլ չտվեց նրան խոսել նստած: Ավելին՝ շուրջ տասը ամիս տևած դատավարության մի զգալի մասին ընդդիմադիր գործիչն ընդհանրապես չմասնակցեց, քանի որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրան հեռացնում էր դահլիճից՝ ոտքի չկանգնելու, տեղից խոսելու համար:

Բազմաթիվ իրավապաշտպաններ այս գործը որակել են քաղաքական պատվեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG