Մատչելիության հղումներ

Արեգ Կյուրեղյանը ազատ արձակվեց


Նրա նկատմամբ ընտրվել է նոր խափանման միջոց՝ անձնական երաշխավորությունը:

Դատարանն այսօր կալանքից ազատ արձակեց 2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին։ Նա փաստորեն զինված խմբի առաջին անդամն է, որ ազատ է արձակվում կալանքից։

Կյուրեղյանի ազատ արձակման համար երաշխավորել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը՝ որպես երաշխիք վճարելով մեկ միլիոն դրամ։ Նրանք դատարանում հայտարարեցին իրենց երաշխավորության մասին։ Կյուրեղյանը դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց․ - «Արեգ Կյուրեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխել և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը՝ նրան անհապաղ ազատ արձակելով կալանքից դատական նիստի դահլիճում»:

Արեգ Կյուրեղյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելու, զենք հափշտակելու, ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և փոխադրելու մեջ։

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը չառարկեց Կյուրեղյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությանը։ Արդեն դատարանի միջանցքում Արեգ Կյուրեղյանը լրագրողերի հետ զրույցում ասաց, որ դեռ երեկ չգիտեր, որ պետք է ազատ արձակվի և դա պայմանավորում է նոր իշխանությամբ․ - «Նոր իրավիճակի հետ ա կապված բնականաբար: Իսկ որոշումը իմացել ենք էսօր»:

Կյուրեղյանն ասաց, որ շարունակելու է պայքարը մինչև ազատ չարձակվեն, իր բնորոշմամբ, բոլոր քաղբանտարկյալները․ - «Դուրս գալուց հետո միանշանակ բոլոր քայլերը ուղղված են լինելու մնացած բոլորի ազատության համար»:

Նշեմ, որ երեկ «Սասնա ծռեր» խումբը հայտարարություն էր տարածել բանտից, որում նշվում է, որ փակում են զինված պայքարի էջն ու աջակցում ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության և ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում։

Այս հայտարարության առնչությամբ Կյուրեղյանն ասաց․ - «Տա Աստված էլ ոչ մի իշխանություն սեփական ժողովրդի վրա ձեռք չբարձրացնի: Որ կարիքն էլ չլինի, ժողովրդի մեջից էլ չծնվեն ընենց տարրեր, որ էդ զենքին պատասխանեն զենքով»:

Հիշեցնեմ՝ երեկ էլ բանտից մեկ ամսով ազատ է արձակվել Արեգի եղբայրը՝ Հայկ Կյուրեղյանը՝ պատժի կրման կիսաբաց ռեժիմը բացով փոխարինելու հիմքով:

«Արժեքների հեղափոխության» պահանջով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի մեկնարկին՝ 2014-ի ամռանը, դատարանի բակում Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր այնտեղ կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել իրավապահների ուղղությամբ։ Նրա գործողությունները դատարանը համարել էր ծանր հանցագործություն՝ «խուլիգանություն» ու ոստիկանների նկատմամբ «վտանգավոր բռնություն», և նրան դատապարտել 9 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG