Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին հրամանագրեր է ստորագրել, որոնցով փոխվել են կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ուժային կառույցների ղեկավարներ:
Համաձայն հրամանագրերի՝
Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է պետական նախարար՝ ազատվելով ֆինանսների նախարարի պաշտոնից, Արթուր Հարությունյանը նշանակվել է ֆինանսների նախարար, գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության պետ:
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը իր դիմումի համաձայն ազատվել էր պետական նախարարի պաշտոնից, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը՝ ոստիկանության պետի պաշտոնից:
Լեռնային Ղարաբաղի նորանշանակ պետնախարար 40-ամյա Գրիգորի Մարտիրոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, վերջին 20 տարվա ընթացքում մի շարք պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կառավարությունում, իսկ 2017 թվականին նշանակվել է ֆինանսների նախարար: Զուգահեռաբար դասավանդում է Արցախի պետական համալսարանում: