Մատչելիության հղումներ

«Առնվազն տարակուսանք է առաջացնում այսօրվա հաղորդագրությունը». Քննչական կոմիտեն՝ Գլխավոր դատախազությանը


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ «առնվազն տարակուսանք է առաջացնում դատախազության այսօր տարածած հաղորդագրությունը»։

Ըստ կոմիտեի, «նախաքննական մարմինը գտել է, որ ունի բավարար ապացույցներ (տուժողների ցուցմունքներ, տեսագրությունների զննությունների արձանագրություններ) և մեղադրանքներ է առաջադրել Մասիսի քաղաքապետին անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու, իսկ մյուսներին միայն դրանց մասնակցելու համար։ Նախաքննական մարմինն իր որոշումների մասին պատշաճ ընթացակարգով տեղեկացրել է դատախազին և նույն օրը՝ հունիսի 1-ին, դատախազի պահանջով քրեական գործը ուղարկել դատախազություն։ Եթե դատախազը կարծում էր, որ նախաքննական մարմինը ցուցաբերել է շտապողականություն, ապա կարող էր օգտվել Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից և հետ վերցնել միջնորդությունները դատարանից, ինչը չի արվել։ Իսկ նման նախադեպեր այլ քրեական գործերով արձանագրվել են։ Դատարանի որոշումից օրեր անց, երբ մերժվում է նաև փոխքաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատախազի միջնորդությունը՝ այդօրինակ հայտարարության տարածումը դատախազության կողմից մեղմ ասած անհասկանալի է։ Եթե իսկապես դատախազությունը կարծում է, որ ցուցաբերվել է շտապողականություն, ապա կարծում ենք նաև պետք է հիմնավորի, թե ինչու դրանք հետ չի վերցրել և արդյոք դատախազները ենթարկվել են պատասխանատվության ոչ պատշաճ դատախազական հսկողություն իրականացնելու համար»։

Կոմիտեն նաև նշում է, որ քրեական գործը հունիսի 1-ից առ այսօր նախաքննական մարմինը դեռ չի ստացել։

Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու վերաբերյալ Դատախազության երկրորդ միջնորդությունը ևս Կենտրոնի դատարանի կողմից այսօր մերժվել է, «Ազատության»-ը փոխանցեց ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի շահերի պաշտպան Զորայր Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման ընթացքում՝ ապրիլի 22-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանում մի խումբ դիմակավոր անձինք հարձակվել էին երթ իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով ու էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել էին մարմնական վնասվածքներ: Այս գործով Մասիսի քաղաքապետից և փոխքաղաքապետից բացի, մեղադրանք է առաջադրվել ևս չորս անձի, նրանցից միայն մեկն է կալանավորված: Քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք գործերից հայտնի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չորս օր առաջ մերժել էր թե՛ Մասիսի քաղաքապետին, թե՛ փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդությունները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։ Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու վերաբերյալ Դատախազության երկրորդ միջնորդությունը ևս Կենտրոնի դատարանի կողմից այսօր մերժվել է։

Գլխավոր դատախազությունն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Գլխավոր դատախազությունում Դ.Համբարձումյանի, Ս.Սահակյանի, Գ.Համբարձումյանի, Ա.Խանջյանի և Է.Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում դրանք բողոքարկելու հիմքեր չեն հայտնաբերվել»:

«Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ գործով ձեռք բերված՝ վերը նշված մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններին կից դատարան ներկայացված ապացույցները չեն բավարարում նշված անձանց կալանավորման միջոցով նրանց ազատության իրավունքը սահմանափակելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի չափանիշին։ Քրեական գործերի, ինչպես նաև դատական ակտերի ուսումնասիրությամբ պետք է փաստել, որ նախաքննության մարմինը դրսևորելով անհարկի շտապողականություն, հիշյալ անձանց կողմից նրանց վերագրվող հանցանքը կատարելու վերաբերյալ բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցները չձեռնարկելու արդյունքում վաղաժամ և անհիմն միջնորդություններ է ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, այդպիսի պայմաններում ներկայացված փաստական տվյալները դատարանների կողմից գնահատվել են որպես հիմնավոր կասկածի բացակայություն՝ այլևս քննարկման առարկա չդարձնելով կալանավորման հիմքերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG