Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու վերաբերյալ դատախազության երկրորդ միջնորդությունը


Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու վերաբերյալ Դատախազության երկրորդ միջնորդությունը ևս Կենտրոնի դատարանի կողմից այսօր մերժվել է, «Ազատության»-ը փոխանցեց ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի շահերի պաշտպան Զորայր Հարությունյանը:

«Մերժվել է ներկայացված միջնորդությունն ըստ էության նույն հիմնավորմամբ, այսինքն՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ու դրանով իսկ արդեն արձանագրվել է դատարանի կողմից, որ առարկայազուրկ է անդրադառնալ խափանման միջոցի հիմքերի առկայությանը կամ բացակայությանը։ Այս առումով, կարծում եմ թե՛ դատախազությունը, թե՛ վարույթն իրականացնող մարմինը մի քիչ ավելի ծանր վիճակում են գտնվել, որովհետև մի բան է, երբ որ կա մեկ դատական ակտ, որը փաստում է, որ մարդն առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ, մեկ բան է, երբ որ արդեն երկու դատավոր են՝ երկու տարբեր որոշումներով։ Անակնկալն անգամ այս միջնորդությունն էր մեզ համար։ Տպավորություն է ստեղծվում, որ ընդամենը դատախազությունը և քննչականը ինչ-որ շոու են կազմակերպում՝ հանրությանն ու կառավարությանը հաճոյանալու համար», - ասաց Զորայր Հարությունյանը՝ շարունակելով. - «Այլ որևէ քրեադատավարական գործընթաց չեմ տեսնում։ Ենթադրում եմ, որ բողոքարկում կլինի, բայց նույն նպատակով՝ հանրությանն ու նոր ղեկավարությանը հաճոյանալու նպատակով։ Ըստ էության կայացված որոշման պատճառաբանական մասին արդեն ծանոթացել ենք, ես խիստ կասկածում եմ, որ դատախազությունը կարողանա նենց վերաքննիչ բողոք ներկայացնի, որը հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանը բեկանի կայացված որոշումը»։

Քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք գործերից հայտնի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չորս օր առաջ մերժել էր թե՛ Մասիսի քաղաքապետին, թե՛ փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդությունները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

Այդուհանդերձ, դատախազությունը երեկ հայտարարեց, որ մանրամասն ուսումնասիրվել է հունիսի 2-ի դատական ակտը, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ դրան կից ներկայացված նյութերով հանդերձ, և «արդյունքում պարզվել է, որ կոնկրետ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը դատարանին չի տրամադրել քրեական գործում առկա երկու տեսագրությունների զննությունների մասին արձանագրությունները, տեսանյութերը, որոնք ուղղակիորեն հաստատում են մեղսագրված արարքին մեղադրյալ Օհանյանի առնչությունը»:

Մասիսի փոխքաղաքապետի շահերի պաշտպան Զորայր Հարությունյանի պնդմամբ՝ Դատախազությունն, ըստ էության, նոր ապացույցներ չի ներկայացրել:

«Ներկայացվել է երկու տեսագրություն Դատախազության կողմից լազերային սկավառակով, որում զննության արձանագրությունները նախորդ միջնորդությանը կից ներկայացվել էին քննիչի կողմից, այսինքն՝ բովանդակային առումով դատարանը նախորդ անգամ ևս տիրապետում էր այդ տեսագրությունների բովանդակությանը, և ներկայացվել է ևս մեկ զննության արձանագրություն, որը հսկող դատախազը կարծում էր, թե բավարար կլինի, որպեսզի բոլորը հանգեն այն հետևության, թե առկա է հիմնավոր կասկած։ Սակայն դա միանշանակ բավարար չէր և չէր կարող լինել, ըստ էության նաև տեղի ունեցավ ներկայացված տեսագրությունների զննություն դատական նիստի ընթացքում։ Նախագահող դատավորն իր որոշմամբ անդրադարձավ դրան, որ ըստ էության միանշանակ հետևության հանգել, որ մարդը միանշանակ առնչություն ունի էս արարքի հետ անհնար է, որովհետև տեսագրության մեջ մատնանշված անձը իր ֆիզիկական հատկանիշներով՝ առնվազն երեք հատկանիշներով տարբերվում էր մեր պաշտպանյալից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զորայր Հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման ընթացքում՝ ապրիլի 22-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանում մի խումբ դիմակավոր անձինք հարձակվել էին երթ իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով ու էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել էին մարմնական վնասվածքներ: Այս գործով Մասիսի քաղաքապետից և փոխքաղաքապետից բացի, մեղադրանք է առաջադրվել ևս չորս անձի, նրանցից միայն մեկն է կալանավորված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG