Մատչելիության հղումներ

Դատարանը կրկին մերժեց Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը


Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու վերաբերյալ դատախազության երկրորդ միջնորդությունը ևս Կենտրոնի դատարանի կողմից այսօր մերժվել է, «Ազատության»-ը փոխանցեց ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի շահերի պաշտպանը:

Քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք գործերից հայտնի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը չորս օր առաջ մերժել էր, թե՛ Մասիսի քաղաքապետին, թե՛ փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդությունները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

Այդուհանդերձ, դատախազությունը, երեկ հայտարարեց, որ մանրամասն ուսումնասիրվել է հունիսի 2-ի դատական ակտը, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ դրան կից ներկայացված նյութերով հանդերձ և «արդյունքում պարզվել է, որ կոնկրետ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս նախաքննական մարմինը դատարանին չի տրամադրել քրեական գործում առկա՝ երկու տեսագրությունների զննությունների մասին արձանագրությունները, տեսանյութերը, որոնք ուղղակիորեն հաստատում են մեղսագրված արարքին մեղադրյալ Օհանյանի առնչությունը»:

Մասիսի փոխքաղաքապետի շահերի պաշտպան Զորայր Հարությունյանի պնդմամբ՝ Դատախազությունն, ըստ էության, նոր ապացույցներ չի ներկայացրել:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած շարժման ընթացքում՝ ապրիլի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում մի խումբ դիմակավոր անձինք հարձակվել էին երթ իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով ու էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ: Այս գործով Մասիսի քաղաքապետից և փոխքաղաքապետից բացի, մեղադրանք է առաջադրվել ևս չորս անձի, նրանցից միայն մեկն է կալանավորված:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG