Մատչելիության հղումներ

«Չարժե» ղարաբաղյան հարցում նոր զարգացումներ սպասել Մնացականյանի մոսկովյան այցից. քաղաքական մեկնաբան


Հակոբ Բադալյան, արխիվ
Հակոբ Բադալյան, արխիվ

Ղարաբաղյան հարցում «չարժե» նոր զարգացումներ սպասել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան այցից և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Ավելին, Բադալյանի կարծիքով՝ այդ այցի ընթացքում Ղարաբաղի հարցն «առանցքային չի լինի»։

«Ես կարծում եմ, որ նոր զարգացումներ սպասել ղարաբաղյան հարցում Մնացականյանի մոսկովյան այս այցից և Լավրովի հետ հանդիպումից թերևս չարժե։ Կարծում եմ, որ այդ այցի ընթացքում, ինչպես տարբեր այլ հարցեր, այնպես էլ արցախյան խնդիրը քննարկվելու և դիտարկվելու է ավելի շատ շարունակության հնարավորությունների համատեքստում, և միաժամանակ նաև Հայաստանի նոր իշխանության, նոր կառավարության մոտեցումները ճշգրտելու, այսինքն՝ արդյո՞ք այդ մոտեցումներում կան վերանայումների, նոր տարրերի, նոր նախաձեռնությունների միտումներ, մանավանդ որ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս մայիսի 9-ին Ստեփանակերտում որոշակի նոր շեշտադրումներ արեց։ Այս տեսանկյունից, կարծում եմ, որ հանդիպումը և ղարաբաղյան քննարկումն ավելի շատ կլինի էս կոնտեքստում», - ասաց Բաղալյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի, եթե Մնացականյանի այցի առանցքային թեման այնուամենայիվ լինի ղարաբաղյան հարցը, ապա առանցքային դետալը կլինի անվտանգության խնդիրը։

«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան այցի ընթացքում առանցքայինը երևի թե չի լինի Ղարաբաղի հարցը, կամ եթե լինի, ապա այստեղ ընդամենն առանցքային դետալը կլինի անվտանգության խնդիրը։ Մենք տեսանք Նախիջևանում զարգացումներ, երբ ադրբեջանցիներն, իհարկե՝ իրենց տարածքում, բայց փորձել էին որոշակի դիրքային վերադասավորումներ անել, մենք տեսել ենք թավշյա հեղափոխության օրերին, որ Ադրբեջանը կուտակումներ է արել սահմանին, և կարծում եմ՝ այս առումով ղարաբաղյան հարցում հայկական կողմը կփորձի ընդամենը շեշտադրել էս անվտանգության խնդիրները և էս անվտանգության համար նաև Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների հարցը։ Համենայն դեպս, դրանք պետք է լինեն, կարծում եմ, առաջիկա հանդիպման առանցքում», - ասաց Բադալյանը։

Հարցին, թե արդյո՞ք պաշտոնական Մոսկվան համաձայն կլինի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների մաս և նստի բանակցային սեղանի շուրջ, քաղաքական մեկնաբանը պատասխանեց. - «Խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը կփորձի օգտագործել Հայաստանի թավշյա հեղափոխության շնորհիվ ձեռք բերած բարձր վարկանիշը և բավական բարձր հնարավորություններն աշխարհում նաև արցախյան խնդրում կապիտալիզացնելու հնարավորությունը։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է օգտագործել նաև Ռուսաստանի հետ, բնականաբար, շատ կարևոր է աշխատել, որովհետև ապրիլյան պատերազմին շատ խնդիրներ ունեցավ նաև հենց Ռուսաստանն ինքը՝ տեսնելով իր քաղաքականության ձախողումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG