«Հանրապետական խմբակցության ոչ քաղաքական թևի պատգամավորներն ազատ են դուրս գալու հարցում», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ սկզբնապես 58 հոգանոց խմբակցությունում այժմ 54 պատգամավոր է մնացել:
Նշենք, որ եթե խմբակցությունը լքի ևս 2 պատգամավոր, Հանրապետականը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում։
«Մենք որևէ մեկից կառչած չենք: Եթե չստիպենք, որ գնան, 54 հոգի խմբակցությունում կմնան», - հայտարարեց Բաղդասարյանը:
Երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում Ֆելիքս Ցոլակյանն էր հայտարարել, որ դուրս է գալիս Հանրապետական խմբակցությունից՝ նշելով, թե համագործակցությունը խմբակցության հետ փաստացի դադարեցրել է մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրությունից հետո:
Այդ օրը հիշեցնեմ, Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից միակն էր, ով կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
Ավելի վաղ Հանրապետական խմբակցությունը լքել էր Շիրակի մարզից ընտրված Արման Սահակյանը, իսկ Շիրակ Թորոսյանը թեև դիմում գրել էր խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ, սակայն Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, թե ավելի վաղ իրենք էին հեռացրել Թորոսյանին։
Թե՛ Արման Սահակյանը, թե՛ Շիրակ Թորոսյանը մայիսի 8-ին կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Պատգամավոր Արթուր Գևորգյանն էրտեղեկացրել, որ հեռանում է և՛ Հանրապետական կուսակցությունից, և՛ խմբակցությունից:
Վահրամ Բաղդասարյան․ - «Ֆելիքս Ցոլակյանի հեռացման հարցը երբ որ դրված էր, ինքն էր խնդրել, որ մնա խմբակցությունում: Եվ բնականաբար, նրան հորդորել էին, որ եթե կրկնություններ կլինեն, այսինքն՝ որ համահունչ մեր քաղաքական որոշումներին, մենք հարցը նորից կվերանայենք: Եվ ինքը մտածել էր, իմ հետ հեռախոսազրույց է ունեցել, որ՝ ավելի լավ է ես դիմում գրեմ: Այսինքն, Ֆելիքս Ցոլակյանը արդեն իսկ ամսի 1-ից սիրողական մակարդակով էր խմբակցության անդամ: Մյուս ձեր նշած թեկնածուները չեն հեռացել․ մենք հեռացրել ենք Շիրակ Թորոսյանին: Երկու պատգամավորներն էլ հենց այդ մարդկանց էին վերաբերում, որոնց մասին մենք ասել էին, որ որևէ մեկից կառչած չենք, դուք ազատ եք ձեր որոշումների մեջ»:
Բաղդասարյանի խոսքով՝ Կառավարության ծրագրի ընդունմանը չեն խոչընդոտի, Ընտրական օրենսգիրքում փոփոխությունները պատրաստ են քննարկել:
Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրում տեղ գտած կետին, որ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան առավելագույնը մեկ տարվա ընթացքում, Վարհամ Բաղդասարյանն ասաց, որ առաջնորդվելու են Սահմանադրությամբ, այլ ոչ թե ցանկություններով․ - «Երբ որ Կառավարության ծրագիրը մենք կուսումնասիրենք, կքննարկենք և կհաստատենք, դա չի նշանակում, որ մեկ տարվա ընթացքում ցանկությունները պետք է իրականացնեն: Դա գրեք որպես ցանկություն: Իսկ մնացածը պարզ կլինի քննարկումների ընթացքում: Որովհետև վերջ ի վերջո մեր մայր օրենքը դա Սահմանադրությունն է»:
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մշակելու համար առաջիկա օրերին աշխատանքային խումբ պետք է ստեղծվի, որտեղ յուրաքանչյուր քաղաքական ուժից կլինի երկուական պատգամավոր, նաև՝ Կառավարության եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:
«Ծառուկյան» դաշինքի և «Ելք»-ի ներկայացուցիչները կարծում են, որ մինչև հուլիսի կեսերը Ընտրական օրենսգրքում փոփոխությունները պետք է ընդունված լինեն:
«Իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է տարածքային ցուցակներին՝ ռեյտինգային ընտրակարգին: Նաև կփորձենք կրկնաքվեարկությունները բացառելու համար տեխնիկապես ամենաճշգրիտ և ամենահարմար մոդելը ներառել: Ես ձեզ վստահեցնում եմ՝ երբ որ հուլիսի երկրորդ կեսին հույս ունենանք, որ Ընտրական օրենսգիրքը կդրվի քվեարկության, որևէ խոչընդոտ չի լինի: Ընտրական օրենսգիրքը կողմ կհավաքի այնքան ձայն, որքան անհրաժեշտ է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան»):
Արտահերթ ընտրությունների անցկացման համար, ըստ Լենա Նազարյանի («Ելք»), քննարկվում է երկու հնարավոր ժամկետ` այս տարվա աշունն ու հաջորդ տարվա գարունը. - «Նոյեմբեր կամ ապրիլ: Բայց էլի կախված է նրանից, թե ինչքանով արագ կկարողանանք կազմակերպել այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար»: