Մատչելիության հղումներ

Հայկ Կյուրեղյանը մեկ ամսով ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից


Դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը այսօր մեկ ամսով ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից՝ պատժի կրման կիսաբաց ռեժիմը բացով փոխարինելու հիմքով:

Բաց ռեժիմը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախատեսում է, որ այսօրվանից իրեն տրամադրված մեկամսյա արձակուրդի ընթացքում աշխատանք գտնելու դեպքում նա կարող է առավոտյան դուրս գալ բանտից և երեկոյան նորից վերադառնալ բանտ, իսկ աշխատանք չգտնելու դեպքում կշարունակի մնալ բանտում։

«Արժեքների հեղափոխության» պահանջով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի մեկնարկին՝ 2014-ի ամռանը, դատարանի բակում Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր այնտեղ կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել իրավապահների ուղղությամբ։ Նրա գործողությունները դատարանը համարել էր ծանր հանցագործություն՝ «խուլիգանություն» ու ոստիկանների նկատմամբ «վտանգավոր բռնություն», և նրան դատապարտել 9 տարվա ազատազրկման։

34-ամյա Կյուրեղյանը ճաղերի հետևում է չորրորդ տարին, իրավապաշտպանները նրան համարում են քաղբանտարկյալ՝ առաջին հերթին հաշվի առնելով անհամաչափ խիստ պատիժը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG