Մատչելիության հղումներ

Բալետային փառատոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի երեք բալետները


Ամեն տարի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը Երևանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անունը կրող շուրջ մեկ շաբաթ տևող միջազգային երաժշտական մրցույթը, որին զուգահեռ այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա բալետային փառատոն:

Կներկայացվեն Արամ Խաչատրյանի երեք բալետները՝ «Սպարտակը», «Գայանեն» և «Դիմակահանդեսը»:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էր թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանդին Օրբելյանը, նախաձեռնելով այս բալետային փառատոնը, իրենց հարգանքի տուրքն են մատուցում մեծ կոմպոզիտորի հիշատակին և նշանավորում նրա ծննդյան 115-ամյա հոբելյանը:

Օրբելյանը հպարտությամբ հավելեց նաև, որ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը միակն է աշխարհում, որ միաժամանակ հանդիսատեսին կարող է ներկայացնել Խաչատրյանի այս երեք բալետները:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հունիսի 8-ին․ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը՝ հանրահայտ Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ: Հունիսի 11-ին՝ «Գայանեն» և 13-ին «Դիմակահանդեսը» կներկայացվեն թատրոնի գլխավոր բալետմեյստեր Վիլեն Գալստյանի բեմադրությամբ:

Փառատոնի բացման օրը օպերային թատրոնի ճեմասրահում կբացվի ցուցահանդես՝ նվիրված այս երեք բալետների ստեղծմանն ու տասնամյակների ընթացքում դրանց բեմականացմանը ամենատարբեր բեմերում: Այդ օրը կցուցադրվի նաև Արամ Խաչատրյանի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին պատմող տեսաֆիլմ:

Ինչպես շեշտում էր փառատոնի նախաձեռնող և կազմակերպիչ Կոնստանդին Օրբելյանը, արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև «Գայանե» բալետը ներկայացնել այս տարի հուլիսի 24-ին ներկայացնել Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:

«Սա պատմական իրադարձություն է», - շեշտեց Օրբելյանը, - «քանի որ «Գայանե» բալետը Մոսկվայում ներկայացվել է 60 տարի առաջ: Իսկ մեր օպերայի և բալետի թատրոնը Մեծ թատրոնում վերջին անգամ հյուրախաղերով հանդես է եկել 1975 թվականին՝ հայկական Մշակույթի տասնօրյակի շրջանակներում»:

Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը Երևանում առաջին անգամ բեմադրել է Վիլեն Գալստյանը դեռ 1973 թվականին․ - «Դեռ ես բեմում էի, ինքս պարում էի, բայց այնքան էի հոգնել այդ բեմադրական աշխատանքից, որովհետև ինձ համար դա առաջին բալետն էր, որ ես բեմադրում էի: Ես ստիպված էի և՛ պարել, և՛ բեմադրել: Եվ ես տասնյակ արտասահմանյան երկրներում բեմադրել եմ «Գայանե» բալետը, և մեր դերասանները եկել են այնտեղ պարել են»:

Ի դեպ, Վիլեն Գալստյանը հայաստանյան բեմադրության համար ինքն է գրել «Գայանե» բալետի լիբրետոն: Ուշագրավ է, որ դեռ 60-ականների վերջին նա Արամ Խաչատրյանի հանձնարարականով փորձել է լիբրետոյի հեղինակներ գտնել, բայց մերժվել է ու ստիպված ինքն է ձեռնամուխ եղել գրելու լիբրետոն․ - «Բալետի պատմությունը մի քիչ բարդ էր: Մի ռուս դրամատուրգ գրել էր սցենարը, և ոչ մի կապ չուներ իմ մտածած, իմ ցանկացած «Գայանեի» հետ: Երբ Արամ Իլյիչը ինքը ինձ հանձնարարեց, որ ես մտածեմ այդ ներկայացման մասին, ես իսկույն լիբրետիստ էի փնտրում: Որովհետև ես լիբրետո գրող չեմ: Դիմեցի Սիլվա Կապուտիկյանին, դիմեցի Պարույր Սևակին: Պարույրի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեի: Ե՛վ Սիլվա Կապուտիկյանը, և՛ Սևակը ասեցին՝ Վիլեն ջան, դու պիտի հորինես էդ լիբրետոն, որովհետև դու գիտես, թե ինչ ես բեմադրելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG