Մատչելիության հղումներ

Դատախազությունը ժամանակավորապես դադարեցրել է Մասիսի քաղաքապետի պաշտոնավարումը


Դատախազության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Մասիսի հանրապետական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի պաշտոնավարումը:

Ըստ դատախազության՝ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ մեղադրվող Համբարձումյանը, ինչպես նաև նրա տեղակալը, պաշտոնում մնալով, կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:

Որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան՝ միաժամանակ իրազեկելով տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, փոխանցում է դատախազությունը:

Մասիսի քաղաքապետի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Համբարձումյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը կմեկնաբանի այն ստանալուց հետո, պնդելով, որ Հանրապետական քաղաքապետը անմեղ է:

«Դավիթ Համբարձումյանը որևէ առնչություն չունի Էրեբունու դեպքերի հետ», - Ազատության հետ զրույցում պնդեց Աթանեսյանը, - «Եվ մեր հանրությունը վերջապես պետք է հանգիստ նայի այս դեպքերին, հանգիստ հասկանա ինչ է եղել: Մարդուն դարձրել եք «враг народа», ստալինիզմի լավագույն ավանդույթներով, համարում են մեղավոր և ուզում են Լինչի դատաստան: Սա չի կարող աղերս ունենալ ժողովրդավարական երկրի հետ, որովհետև մարդը ոչ մի առնչություն չունի, մնացած բոլոր հիմքերը, ենթադրությունները երևակայության աշխարհից են, ինչը ես չեմ կարող մեկնաբանել»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ ընդդիմադիրների երթի դեմ բռնության իրականացումը չէր կարող լինել առանց կազմակերպչի:

«Անպայման չէ, որ անմիջապես բռնի գործողությունները կատարած լինեին, կարող են նաև նրանք հրահրողները, կազմակերպողները և ուղղորդողները լինեին», - նշում է նա:

Երեք օր առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց Մասիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունն ու քաղաքապետի ձերբակալման որոշումը ճանաչեց ոչ իրավաչափ, ինչից հետո Համբարձումյանն ազատ արձակվեց: Այս որոշումը դատախազությունը դեռ չի բողոքարկել:

Եթե կա կասկած, որ անձը՝ լինելով քաղաքապետ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, ապա ինչպես վստահ լինել, որ նա խնդիրներ չի հարուցի լիազորությունները վայր դնելուց հետո, հարց է բարձրացնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանը նաև վստահ չէ, որ նախաքննական մարմինը Մասիսի քաղաքապետին կալանավորելու համար դատարանում բավարար հիմնավոր միջնորդություն է ներկայացրել․ - «Պաշտոնատար անձի պարագայում, մանավանդ, երբ որ ձերբակալված վիճակում այդքան մեծ թվով մարդիկ՝ ոչ թե քաղաքացիներ, այլ հիմնականում հարազատներ, իրենց բողոքն էին արտահայտում ձերբակալության փաստի դեմ, ուրեմն նշանակում է՝ ունեն որոշակի ազդեցություն, նույնիսկ գտնվելով անազատության մեջ: Այսինքն, ես չեմ ասում, որ անպայման պետք է կալանք կիրառել, խոսքը վերաբերում է զուտ իրավական տեսակետից կալանքի հիմնավորումներին»:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած շարժման ընթացքում՝ ապրիլի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում մի խումբ դիմակավոր անձինք հարձակվել էին երթ իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով ու էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ: Այս գործով Մասիսի քաղաքապետից և փոխքաղաքետից բացի, մեղադրանք է առաջադրվել ևս չորս անձի, նրանցից միայն մեկն է կալանավորված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG