«Ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը՝ նախադեպային իրավունքի և արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում», - Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած իր դիմումում գրել է 2008-ից Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մկրտումյանը:
Քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք գործերով փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում է, որ Մկրտումյանի հրաժարականի իրական պատճառը քաղաքական իրավիճակի փոփոխությունն է: Փաստաբանի խոսքով, նա իր պաշտոնավարման 10 տարիների դատական համակարգն էլ ավելի անմխիթար վիճակի է հասցրել:
Վարչապետ ընտրվելուց հետո, հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կա քաղաքական կամք՝ ունենալու անկախ դատական համակարգ: Հայտարարել էր նաև, որ իշխանական կաբինետներից հրահանգներ չեն իջնելու, տվողներն ու ընդունողները պատժվելու են:
Արայիկ Պապիկյան․ - «Քաղաքական իշխանության հրահանգներն ու ցուցումները ինքը [Մկրտումյանը] իր հրահանգներով ստորադաս դատարաններին նյութականացնում էր՝ դարձնելով ցանկալի դատական ակտեր: Ուղղակի բաց տեքստով պիտի ասենք՝ դատական համակարգում բացահայտ են եղել կոռուպցիոն բնույթի ծավալուն դրսևորումները: Դրանք չէին կարող տեղի ունենալ, եթե դրա մասին ուղղակի տեղյակ չլիներ հենց Մկրտումյանը»:
Հայտնի փաստաբան Ինեսա Պետրոսյանի կարծիքով, դատական համակարգում տիրող վիճակի գլխավոր մեղավորներից մեկը հենց Մկրտումյանն է․ - «Հայաստանի հանրապետական կուսակցությունը կարծես հեռանում է, միայն պառլամենտում է մնացել: Այս պայմաններում արդեն ընդվզումների արդյունքում, նրա դեմ բազմաթիվ բողոքի ակցիաների արդյունքում, որին նաև ես ինքս եմ միացել և պահանջել նրա հրաժարականը, նա այսօր ներկայացրեց այդ հրաժարականի դիմումը: Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի իրավիճակում է գտնվում դատական համակարգը, և ինձ համար առաջին մեղավորներից մեկը, այդ կոռուպցիայի արմատները, որ գցվել է այս համակարգում, հենց նույն Արման Մկրտումյանն է»:
Իրավապաշտպանների ու փաստաբանների կողմից բազմիցս քննադատված Մկրտումյանի անունը երկու տարի առաջ հիշատակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներից մեկում: Ստրասբուրգյան դատարանը նշել էր՝ Մկրտումյանի վարքագիծը արդարացի կասկած է առաջացրել, որ նա Հայաստանի դեմ բողոք ներկայացրած դիմումատի գործով որոշում կայացնելիս անաչառ չի եղել:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան․ - «Հեղափոխություն 2 կարող ենք անվանել դատական համակարգում: Անիրականանալի էր թվում, որ կարող է Արման Մկրտումյանը հեռանա: Այլևս չկան իրեն երաշխավորող-հովանավորողները, և իրեն մնում է հեռանալ: Եվ պետք է ծափահարել, որ նա հեռանում է, որովհետև մեր դատական համակարգը նա պահել է ճնշված, ընկճված մի սարսափելի վիճակում: Կարծում եմ նաև, որ Սերժ Սարգսյանը նրան պինդ պահում էր, նրանք շատ լավ էին համագործակցում և իրար փոխադարձ հասկանում: Հիմա նա ոչ ոք չունի Հայաստանում»:
2013 թվականին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը արտահերթ զեկույցում անդրադարձել էր դատական համակարգում առկա կոռուպցիային, կասկածի տակ դրել Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։ Զեկույցում նույնիսկ դատական կաշառքի սակագներ էին նշվել՝ ամենացածրը առաջին ատյանի դատարանում էր, ամենաբարձրը՝ Վճռաբեկում՝ մինչև 50 հազար դոլար: Թե՛ Դատավորների միության խորհուրդը, թե՛ Դատական դեպարտամենտը քննադատել էին այդ զեկույցը։
Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով, պետք է քննարկման առարկա դառնան բոլոր ապօրինություններն ու չարաշահումները, որոնք տեղի են ունեցել Մկրտումյանի պաշտոնավարման ընթացքում, նրա ցուցումով կամ նրա կայացրած դատական ակտերով․ - «Շատ լավ է, որ ինքը հրաժարական տվեց: Շատ շուտ պիտի դա աներ: Անկախ դրանից՝ բոլոր այն հակաօրինական գործողությունները, որոնք թույլ են տրվել նրա կողմից կամ նրա ցուցումով, պիտի դառնան արդարացի և օբյեկտիվ քննարկման առարկա: Հավատացեք, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անձանց ճակատագրեր կան այդ ապօրինությունների հետևում թաքնված, և այդ բոլորը թողնել ուղղակի էսպես, հրաժարականից հետո ասել «բարի ճանապարհ», և ավելին՝ ասել «շնորհակալություն, որ Դուք պաշտոնավարել եք», մեղմ ասած, սա մեզ համար չի, սա ներկայիս Հայաստանի համար չի կարող ընդունելի լինել»:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, 58-ամյա Մկրտումյանը ունի Վաստակավոր իրավաբանի կոչում, և չորս տարի առաջ պարգևատրվել է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալով:
Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին խնդրել է իր հրաժարականն ընդունել խորհրդի հերթական նիստում՝ իր բացակայությամբ:
Դատական օրենսգրքով հրաժարական ներկայացնելու դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի նիստում հրաժարականը պնդելու կամ այդ նիստին չներկայանալու օրվանից:
Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր նիստ չի անցկացրել: Հերթական նիստը նշանակված է հունիսի 7-ին: