Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը կարծարծվի նաև ղարաբաղյան հիմնախնդիրը


Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում կայանալիք քննարկումների ժամանակ արծարծվելու է նաև ղարաբաղյան հիմնախնդիրը՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Բալայանը հավելեց՝ Մնացականյանը երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի վաղը․ - «Քննարկումները Փաշինյան – Պուտին՝ մայիսի 14-ին կայացած հանդիպման համատեքստում, և երկկողմ, և բազմակողմ հարթակներում մեր ջանքերի համադրման հարցերը, և, բնականաբար, ղարաբաղյան հիմնախնդիրը արծարծվելու են»:

Արդյո՞ք ղարաբաղյան բանակցություններում սպասվում են նոր առաջարկներ՝ հետաքրքրվեցինք Տիգրան Բալայանից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվում ղարաբաղյան բանակցություններում Կրեմլի հերթական նախաձեռնության մասին:

«Ամսի 13-ին համանախագահները լինելու են Երևանում, նոր առաջարկություններ բերելու մասին տեղեկություններ չունեմ, չկա նման բան», - արձագանքեց Բալայանը: - «Գիտեք, որ կան համանախագահների առաջարկություններ, որոնց հիմնական դրույթները արտացոլված են հինգ հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները, որոնք հավասարազոր են և այդ վեց տարրերը առաջարկությունների փաթեթի մասին»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ անգամ տարածաշրջան այցելեցին փետրվարին: Մայիսի 15-ին նրանք Փարիզում հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, որից հետո համատեղ հայտարարություն էին տարածել, ուր նշել էին, որ ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին:

Բալայանը հավալեց՝ այս պահին պայմանավորվածություն չկա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի, կամ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ:

«Հունիսի 13-ին համանախագահները կլինեն Երևանում, դա կլինի փաստացի առաջին դեմ առ դեմ շփումը համանախագահների և Հայաստանի նոր իշխանությունների, որից հետո արդեն կծրագրվեն հետագա քայլերը: Մի բանում վստահ եղեք, որ եթե որևիցե շփում ծրագրվի, դա գաղտնի չի պահվելու, անպայման կհրապարակվի», - նշեց Տիգրան Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG