Մատչելիության հղումներ

Ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ նստաշրջանին կներկայանա փոփոխված կազմով


ԵԽԽՎ նիստ, արխիվ
ԵԽԽՎ նիստ, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանին ադրբեջանական պատվիրակությունը կներկայանա թարմացված կազմով։

Կոռուպցիոն սկանդալների պատճառով Վուսալ Հուսեյնովին և Ռովշան Ռզաևին կփոխարինեն իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգմավորներ Չինգիզ Գանիզադեն և Նագիֆ Խամաևը։

Սա այս տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում Ադրբեջանը ներկայացնող 12-հոգանոց կազմում արդեն երկրորդ փոփոխություններն են։

Մասնավորապես, պատգամավորներ Էլխան Սուլեյմանովն ու Մուսլիմ Մամեդովը պատվիրակությունից հեռացան անցյալ հունվարին՝ ԵԽԽՎ-ում հերթական աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Անկախ քննչական խումբը պարզել էր, որ այդ երկու ադրբեջանցի քաղաքական գործիչները կաշառել են Վեհաժողովի պատգամավորներին Ադրբեջանի իշխանությունների օգտին որոշումներ ընդունելու դիմաց։ Այս բացահայտումներից հետո նրանք այլևս Ստրասբուրգ չմեկնեցին։

Այս սկանդալի շուրջ կրքերը դեռ չմարած, կոռուպցիոներների ցանկում ավելացավ նաև ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի անունը։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովը մայիսի 14-ին պատժամիջոցներ սահմանեց չորս պատգամավորների, այդ թվում՝ Սեիդովի դեմ, ում 2 տարի ժամկետով արգելվում է դիտորդական խմբերում հետևել ընտրությունների ընթացքին, որևէ հանձնաժողովի, ենթահանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի, ինչպես նաև ԵԽԽՎ նախագահի պաշտոն զբաղեցնել:

Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության թերևս ամենաակտիվ պատգամավորը զրկվել է նաև կառույցը կամ դրա հանձնաժողովները ներկայացնելու իրավունքից:

Ադրբեջանցի պատգամավորի նկատմամբ այս սահմանափակումների պատճառը շաբաթներ առաջ հրապարակված զեկույցն էր, որը փաստում է, որ Ալիևի վարչակազմը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, կանխիկ գումարով կաշառել մի խումբ պատգամավորների՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու, հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար: Սեիդովի անունը զեկույցում հիշատակված է կաշառք բաժանողների շարքում։

Զեկույցի հեղինակները ներկայացրել են եվրոպացի պատգամավորների մի ամբողջ ցանկ, ովքեր կաշառքի դիմաց աչք են փակել Ալիևի վարչակազմի ապօրինությունների վրա, քվեարկել Բաքվի համար նախընտրելի բանաձևերի օգտին ու լռության մատնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը, այս ամենի դիմաց նրանք հաճախ վարձատրվել են թանկարժեք նվերներով՝ սև խավիարից մինչև գորգեր ու ոսկյա զարդեր, դրամական պարգևներ, անգամ՝ թեթևաբարո աղջիկներ ճոխ հյուրանոցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG