Մատչելիության հղումներ

Ֆելիքս Ցոլակյանը դուրս է գալիս Հանրապետական խմբակցությունից


ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյան, արխիվ
ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյան, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր Ֆելքիս Ցոլակյանը հայտարարում է, որ դուրս է գալիս Հանրապետական խմբակցությունից։

«Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է պատգամավորը։

Մայիսի 1-ին, հիշեցնենք, նա Հանրապետական խմբակցությունից միակն էր, որ կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին՝ հայտարարելով, թե գործել է «իր խղճի թելադրանքով»։

Այսօր, ավելի վաղ, Ցոլակյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ կարող է ավելի շուտ դուրս գալ խմբակցությունից, մինչև իրեն կհեռացնեն: Նա հեգնել էր իրեն նկատողություն տալու կապակցությամբ: «Ազատության» դիտարկմանը, թե [ՀՀԿ խմբակցության ղեկավար] «Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նկատողություն են Ձեզ տվել՝ խախտելու համար խմբակցության որոշումը», պատգամավորը արձագանքել էր․ - «Հա~, շատ ծանր, հա»:

Այսպիսով, Հանրապետականի 58 պատգամավորներից մնացին 54-ը։ Ավելի վաղ խմբակցությունը լքել էին Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը և Արթուր Գևորգյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG