Մատչելիության հղումներ

Վալերի Օսիպյան․ Կարմիր գիծն արդեն քաշել ենք


Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, թե ոստիկանական համակարգում այլևս կոռուպցիա չկա, կարմիր գիծն արդեն քաշել են:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ասաց, թե ավանդաբար կոռումպացված մարմինները, այդ թվում ոստիկանության որոշ ստորաբաժանումներ դադարեցրել են իրենց հանցավոր գործունեությունը։

Վալերի Օսիպյանն այսօր պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ազատության» հարցին, թե արդյոք կոնկրետ քայլեր ձեռնարկել է կոռուպցիոն երևույթներին վերջ դնելու համար, Օսիպյանն արձագանքեց․ - «Կոնկրետ քայլերը կայանում է նրանում, որ ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ: Ես չեմ բացառում, հնարավոր է իմ գործընկերներից մեկը կամ երկուսը․․․ չեմ բացառում: Բայց վստահորեն ասում եմ՝ գոյություն չունի․․․ Հիմնականում այն ստորաբաժանումներն են, որոնք քաղաքացիների հետ են առնչվում: Հիմնականում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման մասին է խոսքը գնում»:

Ոստիկանապետը վստահեցրեց, որ կլինեն պատասխանատվության ենթարկվողներ․ - «Միանշանակ կլինեն: Ես դրա համար ասացի, որ մեկը կամ երկուսը իմ գործընկերներից կլինեն: Եթե չլինեն՝ փառք ու պատիվ իրենց»:

Օսիպյանը նաև հավաստիացրեց, որ հաշվի չեն առնելու զբաղեցրած պաշտոնները․ - «Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ դա կապ չունի: Դա կլինի ոստիկանության պետ Օսիպյանը թե կրտսեր սերժանտ Կիրակոսյանը»:

Մանրամասնելով իր ձեռնարկած քայլերը՝ Օսիպյանն ասաց․ - «Իմ պահանջն է եղել կոնկրետ քայլերը: Ունեմ ծառայություններ, որոնք թույլ են տալիս վերահսկել, և ես վերահսկում եմ»:

«Ազատության» հարցին, թե կարող է բացառել, որ այսօր համակարգում կան կոռուպցիոն դրսևորումներ, Օսիպյանն պատասխանեց․ - «Այո, մենք գծել ենք կարմիր գիծ, կարմիր գծից էս կողմ չկան»:

Պատասխանելով Էրեբունի փողոցի միջադեպի մասին հարցին, մասնավորապես, թե արդյոք ոստիկանությունն ունի տեսանյութեր և ինչ են ասում դրանք, ոստիկանապետն արձագանքեց․ - «Ոստիկանությունը և քննչական մարմիններն արեցին իրենց գործը: Հայաստանի Հանրապետությունում գիտեք ովքեր են իրականացնում արդարադատությունը: Դատարանը այդպես որոշեց, կխնդրեմ այդ հարցերն ուղղեք դատարան»:

Ի դեպ, պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում կկրճատվի ոստիկանների թիվը, հաշվի առնելով նաև նախկինում ընդդիմության քննադատությունը, որ համակարգում ծառայողների թիվը չափազանց մեծ է, Վալերի Օսիպյանն ասաց, թե թվի կրճատում կլինի, բայց թե որքանով առայժմ պարզ չէ , այդ հարցով հատուկ ուսումանսիրություն կկատարվի:

Լրագրողների հարցին, թե արդյոք ոստիկանությունը ձեռք է բերելու հանրահավաքներ ցրելու նոր սարքավորումներ, Վալերի Օսպյանն ասաց, թե նման ծրագրեր չունեն, հակառակը՝ հնարավոր է հրաժարվեն արդեն իսկ ունեցած որոշ տեխնիկայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG