Մատչելիության հղումներ

Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղի փոխտնօրենը հրաժարվում է հին մեթոդներով աշխատել նոր Հայաստանում


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի փոխտնօրեն Մուշեղ Դաղբաշյանը նամակ է գրել կրթության նախարարին և համալսարանի ռեկտորին՝ ահազանգելով, որ բուհում տարիներ շարունակ իրականացվում է կրթական, կադրային և տնտեսական անարդյունավետ կառավարում, մասնաճյուղի տնօրենը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը։

Փոխտնօրենը շեշտել է, որ նոր Հայաստանում հին մեթոդներով բուհի կառավարման պարագայում նախընտրում է հրաժարվել իր պաշտոնից։ Մուշեղ Դաղբաշյանը պնդում է՝ լինելով վարչատնտեսական գծով փոխտնօրեն, իր իրավասության տակ գտնվող շատ իրողություններ տարիներ շարունակ իր համար մութ են եղել։

«Համալսարանի մասնաճյուղը միանձնյա, մի կետից ղեկավարվող կառույց է, այսինքն, այն բոլոր հարցերը, համալսարանի հետ կապված, բոլորը տնօրենի որոշմամբ է լինում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դաղբաշյանը:

Փոխտնօրենը մատնանշում է. տնօրեն Արմեն Խառատյանը իր ենթակայությամբ գործող ավագ դպրոցի փոխտնօրեն է նշանակել կնոջը, ուռճացված աշխատակազմ է ձևավորել և անխնա վատնումներ է անում։ Տարեկան ընդամենը մեկ-երկու անգամ խոշոր գնումներ իրականացնող մասնաճյուղում գնումների բաժին է գործում մի քանի աշխատակիցներով, ասում է Մուշեղ Դաղբաշյանը։ Ընդ որում, ըստ նրա, այդ բաժինը ղեկավարում է տնօրենի բարեկամուհին։ Շեշտում է՝ որպես փոխտնօրեն երբևէ չի մասնակցել գնումների մասին որևէ քննարկման։

«Մենք ունենք արխիվի բաժին։ Երկու հոգի են այնտեղ աշխատում։ Ես չեմ հասկանում, որ ամսվա մեջ մի քանի տեղեկանք տալու համար կարելի է այդ կառույցը պահել։ Ուրեմն, ունենք կադրերի բաժին։ Կադրերի բաժնում էս պահին աշխատում են հինգ հոգի։ Դուք պատկերացնում ե՞ք՝ 100-120 աշխատակից ունեցող հիմնարկում, էն էլ այս պահին, որ հազիվ ծայրը ծայրին հասցնում ենք, մենք ունենք կադրերի բաժնում հինգ աշխատակից։ Մեկը չգիտեմ իրա ովն է, մեկը՝ ով է և այլն, և այլն։ Այսինքն, էդ բոլորը ֆինանսական բեռ ա մեր ինստիտուտի համար», - ասում է նա:

Փոխտնօրենը, հատկապես, շեշտադրում է վարորդի հաստիքը։ Վարորդի և ծառայողական մեքենայի համար արված ծախսերը բուհի համար անիմաստ շքեղություն է համարում․ -«Զավեշտալի է՝ մենք ո՞նց կարող ենք ունենալ վարորդ, եթե մենք չունենք տրանսպորտ։ Մենք ընդունել ենք վարորդ, նրան տալիս ենք գործուղման ծախսեր, դրան տալիս են, փաստորեն վառելիք և, եթե չեմ սխալվում, 80 հազար աշխատավարձի ձևով»։

Դասախոսներն ուսումնական տարվա ավարտին բարձրաձայնում են առանց մրցույթների աշխատանքի ընդունվելու և իրենց հետ կարճատև աշխատանքային պայմանագրեր կնքելու՝ արդեն տարիներ շարունակ հաստատված կարգը։ Նշում են իրենց համար անհասկանալի հիմնադրամների, արհմիության և ուսանողական խորհրդի մասին։

Բուհի 9 տարվա դասախոս Սամվել Մարկոսյանն ասում է․ - «Դասավանդման պրոցեսը ընդհանուր խայտառակ վիճակա, գնահատականների մեծ մասը ուռճացված բարձր դրվում են։ Հոսքին չես կարա հակառակ գնաս։ Աչքը փակելու մթնոլորտ ա»։

Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Ալվինա Գասպարյանն էլ նշում է․ - «Էս տեմպերով գնալուց մենք ընդարձակում չենք տեսնում։ Ընդհակառակը, միանգամից երեք բաժիններ փակվել են»:

«Երևանում էս շարժման ընթացքում խոսում էին, որ 150 հազար դրամ ա միջին աշխատավարձը, ես հիմա օրինակներ եմ բերում, որ մենք ունենք դասախոսներ, որ ստանում են 30-40 հազար դրամ։ Պրոֆեսոր դառնալիս աշխատավարձս չորս հազար դրամով ավելացավ, բայց եթե հրապարակեք, սրանից հետո ոչ ոք չի ուզի պրոֆեսոր դառնալ», - նշում է Մաթեմատիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբիկ Դալլաքյանը:

Դասախոսներից Էվելինա Մայիլյանը համոզված է՝ Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում դրական արդյունքներ չեն լինի, քանի դեռ բուհի կառավարումը մինչհեղափոխական Հայաստանի մոդելներով է իրականացվում։ - «Այստեղ տնօրենից ու նրա յուրայիններից բացի շատերը խոսքի իրավունք չունեն», - ասում է Էվելինա Մայիլյանը, ով տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրատեսակների տեխնոլոգիա մասնագիտության դոցենտ է, տեխնիկական գիտությունների թեկնածու․ - «Բուհում գիտելիքը, լավ աշխատելը չի գնահատվում։ Այսօր աշխատանքի են ընդունվում և պաշտոն են ստանում հիմնականում տնօրենի յուրայինները։ Եվ այսօր ո՞նց կարող ես, էս ամեն ինչը հաշվի առնելով, ուսանողի մոտ ստիմուլ ստեղծես լավ սովորելու համար»։

Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 22-ամյա ուսանող Արգիշտի Մարտիրոսյանը շուտով դիպլոմ կստանա։ Ավարտեց բուհը։ Ասում է՝ ուսումնական չորս տարին և ինժեներ-տեխնոլոգի դիպլոմն առանձնապես իր գիտելիքները չեն հարստացրել։ Հաճախ բացակայել է դասերից կամ լսարանում ժամանակ է վատնել։ Ստիպված է եղել ինքնակրթությամբ զբաղվել, հակառակ դեպքում, ըստ նրա, այսօր կրթական ցածր մակարդակով իր համար ամեն ինչ կորած կլիներ։

«Տարիներ շարունակ լռել ենք, աչք փակել իրավիճակի վրա, ընդհանուր մթնոլորտն էր պարտադրում», - ասում է երիտասարդ շրջանավարտն ու ավելացնում․ - «Այսօր Հայաստանի բոլոր բուհերը պետք է փակել, դրանք անարդյունավետ են: Դա ընդհանուր մթնոլորտից ա գալիս։ Մեծ մասին էլ ձեռնտու ա ինստիտուտի էդ վիճակը, որ ինքը գա, չսովորի, ինքը փող տա ու ստանա, մտնի դասախոսի վրա ճվա։ Եթե ուսանողին ձեռնտու չեղներ էդ մթնոլորտը, ուսանողը փող կառաջարկե՞ր»։

Քննադատությունների հիմնական թիրախ, պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։ Ավելին՝ ներսից փակեց աշխատասենյակի դուռը։

Հետո տեղեկացրեց, որ հանձնախումբ է ստեղծվել պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանի գլխավորությամբ, որն այդ պահին շրջում էր մասնաճյուղում, զրուցում դասախոսների հետ:

Մինչդեռ բողոք ներկայացրած դասախոսներն ու փոխտնօրենը հույս չունեն, թե այս ուսումնասիրությունը որևէ կերպ կփոխի իրավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG