Մատչելիության հղումներ

Դատախազությունը դեռևս չի բողոքարկել Էրեբունի փողոցի միջադեպի գործով կալանավորվածներին ազատ արձակելու որոշումը


Գլխավոր դատախազությունը դեռևս չի բողոքարկել դատարանի որոշումը, որով Մասիսի քաղաքապետի և մյուսների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրվեց, ու նրանք ազատ արձակվեցին։

Դատախազությունից փոխանցեցին, որ ուսումնասիրում են գործը և սահմանված ժամկետներում կհստակեցվեն հետագա ընթացքի լուծմանն առնչվող հարցերը:

Քննչական կոմիտեն մտավախություն ունի, որ անցած շաբաթ օրը դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց չկիրառելուց հետո ազատ արձակված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, նրա տեղակալ Կարեն Օհանյանն ու ևս երեք մեղադրյալները կարող են ներգործություն ունենալ գործով անցնող վկաների և տուժողների վրա, որոնց թվում նաև Մասիսի բնակիչներ կան։ Այս գործով կալանավորվել է միայն մեկ անձ՝ Գոռ Խաչատրյանը:

«Ազատության» հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ նրանց կալանելու մասին միջնորդությամբ նպատակ են ունեցել կանխել հնարավոր բացասական ներգործությունը վկաների և տուժողների վրա․ - «Քաղաքապետը, ով մեղադրվում է անկարգությունները կազմակերպելու և դրանց անմիջական մասնակցելու մեջ, մտավախություն կա, որ կարող է ներազդել վկաների վրա: Սրանով էր պայմանավորված, որ դիմել էինք նման միջնորդությամբ»։

Քննչական կոմիտեն, հիշեցնեմ, անցած շաբաթ քրեական գործ հարուցեց Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիաների օրերին՝ ապրիլի 22-ին Էրեբունի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքով։ Մասիսի քաղաքապետն ու ևս 5 անձ այս գործով ճանաչվել են մեղադրյալ։ Քաղաքապետը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ժամանակ բռնություններ գործադրելու մեջ։ Նա մեղքը չի ընդունում։ Մյուսները մեղադրվում են զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու մեջ:

Սոնա Տռուզյանը օրինակ բերեց․ մինչև ձերբակալությունը այս գործով անցնող մեղադրյալ Արթուր Խանջյանը փորձել էր հեռանալ Հայաստանից։ Նրան բերման էին ենթարկել Բագրատաշենի մաքսակետում․ - «Այս պայմաններում, երբ արդեն իսկ ակնհայտ են եղել բոլոր փաստերը, որ վարույթն իրականացնող մարմնից խուսափելու փորձ է կատարվել, որը նույնպես կարող է հետագայում դառնալ խոչընդոտ նախաքննության համար: Եվ այս պայմաններում որոշվել է մերժել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը»:

Տռուզյանը նշում է, որ այս գործում, բացի տեսագրություններից, կան նաև այլ ապացույցներ․ - «Նախաքննական մարմինը ունի նաև մի շարք այլ ապացույցներ տարբեր անձանց ինքնության վերաբերյալ, որոնց հիմք են տվել վարույթն իրականացնող մարմնին առաջադրելու մեղադրանքներ։ Հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին իրականացնելու օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու այն անձանց ինքնությոնը, ովքեր Էրեբունի վարչական շրջանի տարածքում կիրառել են նշված բռնությունները»։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը առանց անուն հնչեցնելու հավելեց, որ անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվողներից մեկը նախկինում դատապարտվել է լրագրողների գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանության համար։

Մասիսի քաղաքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, մինչդեռ, պնդում է, թե մատնանշված տեսանյութերում իր պաշտպանյալը չկա: «Դիմակով ճանաչելը խայտառակություն և աբսուրդ է», - ասում է։

Ըստ Քննչական կոմիտեի, այդ օրը քաղաքացիական հագուստով մարդիկ, հիմնականում բժշկական դիմակներով, հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, քարերով ու մահակներով հարվածել նրանց։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն էր գործադրվել նաև էլեկտրահարող սարքերով:

Փաստաբանն ասաց․ - «Լրատվական աշխարհը լցված է տարբեր տեսանյութերով, ոչ մեկը չի տարբերակում, ինչի մասին է խոսքը, էս մարդուն ինչի մեջ են մեղադրում, որ մի դրվագի հետ․․․ Դավիթ Համբարձումյանին այլ դրվագով են մտածում, որ նա կասկածվում է, մինչդեռ այդ դրվագը ոչ մի կապ չունի իր հետ: Նման շիլաշփոթ է ստեղծվել լրատվական դաշտում, և հանրության մի մասի՝ հիմնականում համացանցում, դժգոհությունն է առաջացրել»:

Աթանեսյանն ասաց, որ անցած շաբաթ օրը դատարանը քննել է, թե արդյոք կան հիմնավոր կասկածներ Մասիսի քաղաքապետին մեղսագրվող արարքում, և որոշել, որ նման կասկածներ չկան։

Դատարանը նաև ոչ իրավաչափ է ճանաչել քաղաքապետի ձերբակալման որոշումը․ - «Ներկայացվել են վկաների ցուցմունքներ, որոնք ականատես չեն: Էդ վկաները չգիտեմ որտեղից են հայտնվել: Ներկայացված վկաները, ովքեր որ ցուցմունք են տվել անգամ Հայաստանում չեն եղել այդ դեպքերի ժամանակ: Եվ իրենք որոշել են, որ դիմակավոր մարդկանց մեջ, չգիտեմ ինչով, օրինակ, շալվարի գույնով, ճանաչում են այդ մարդկանց: Հստակ անուններ են տալիս: Ընդ որում, էդ մարդկանց կազմը համընկնում է անանուն ահազանգի հետ, որը տրվել էր իբր թե ոստիկանություն»:

Ըստ Մասիսի քաղաքապետի փաստաբանի, քանի որ դատարանը գտել է, որ չկան հիմնավոր կասկածներ, ապա այլ հարց, մասնավորապես՝ ազատության մեջ գտնվելու դեպքում նրա կողմից անօրինական ներգործության կամ նախաքննական մարմնի կողմից թաքնվելու հարց, չի քննարկել։

Մինչդեռ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ հենց վկաների ցուցմունքները խոսում են հիմնավոր կասկածի մասին․ - «Իր իսկ նկարագրած փաստական տվյալները, ցուցմունքները արդեն իսկ վկայում են հիմնավոր կասկածի առկայության մասին: Մենք, այո, ունենք վկաներ, տուժողների ցուցմունքներ կոնկրետ անձանց գործողությունների վերաբերյալ»:

Տռուզյանն շեշետեց, որ այս պահին նախաքննական մարմինը չի խոսում Համբարձումյանի և մյուսների մեղավոր լինել-չլինելու մասին․ - «Քննարկվում է որոշ ծավալով, բայց չի որոշվում անձի մեղավորությունը: Ինչպես դատարանը նկատել է, մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ, վերագրվող արարքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը չեն կարող դրվել մեղադրյալին կալանավորելու հիմքում: Սակայան դրանք էական նշանակություն ունեն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս և լուծելիս: Այս փուլում մենք չենք խոսում անձը մեղավոր է թե մեղավոր չէ, այս փուլում վարույթն իրականացնող մարմնի առաջնահերթ խնդիրն է՝ կարողանալ ապահովել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն»:

Նշենք, որ Մասիսի քաղաքապետի ազատ արձակումը հանրության մի մասի դժգոհությունը հարուցեց, հատկապես, որ այս որոշումը կայացրեց ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտած դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, ով դատաքննության ընթացքում, մինչև վճռի հրապարակումը, բազմիցս մերժել է Սեֆիլյանին ու նույն գործով մյուս մեղադրյալներին կալանքից ազատելու միջնորդությունները՝ պնդելով, թե ազատության մեջ հայտնվելով, նրանք կխոչընդոտեն գործի քննությանն ու կթաքնվեն դատարանից:

XS
SM
MD
LG