Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյան․ Հույս ունեմ, որ բոլորը կաշխատեն և կկարողանան օգտակար լինել այդ երեխաներին


Վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանն այսօր մեկնաբանել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի առնչությամբ առաջացած հակասությունը։

Հիշեցնեմ՝ ավելի վաղ «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները հայտարարել էին, որ իրենք հրավիրված չէին եղել Աննա Հակոբյանի կողմից դեռ մայիսի կեսերին կազմակերպված մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչով է պայմանավորված այդ իրավիճակը, Հակոբյանը նշել է. - «Ես չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ որ մանկական քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելու թեմայի շուրջ ինչ-որ թեմա է շրջանառվում կամ քննարկվում։ Եթե ինչ-որ մարդիկ սպասում են ինձնից ինչ-որ խոսք էդ մասին, ինչ-որ գնահատական, ապա իրենց հիասթափություն է սպասվում։ Ես ոչինչ չունեմ ասելու էդ թեմայով, ես հույս ունեմ, որ բոլորը կաշխատեն և բոլորը կկարողանան օգտակար լինել այդ երեխաներին»:

Իշխանափոխությունից հետո «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը նախկին Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, հայտարարեց գործունեության ժամանակավոր դադարեցման մասին, իսկ դրանից օրեր անց մեկ այլ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ շարունակելու է բնականոն գործունեությունը, սակայն ֆինանասական դժվարությունների առաջ կարող է կանգնել։

Աննա Հակոբյանն այսօր անդրադարձավ նաև մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների հետ հանդիպումներին, որոնց արդյունքում բոլոր ուժերը համախմբելով նախատեսվում է ստեղծել խոշոր հիմնադրամ, որը կկոորդինացնի աշխատանքները և հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների և անհատների անունից։

Այդ նոր ստեղծվելիք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում լինելու է նաև Աննա Հակոբյանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք նոր հիմնադրամում տեղ գտնելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամը, վարչապետի տիկինն արձագանքեց. - «Ես հուսամ, որ տեղ գտնելու է: Դա իրենց որոշելու հարցն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG