Մատչելիության հղումներ

Ոստիկանության համակարգում այլևս կոռուպցիա չկա. Վալերի Օսիպյան


«Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ», - այսօր Ազգային ժողովում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Մեր կոնկրետ քայլերը կայանում են նրանում, որ ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ, վստահորեն Ձեզ հայտարարում եմ, կոնկրետ քայլեր եմ ձեռնարկել։ Չեմ բացառում՝ հնարավոր է իմ գործընկերներից մեկ կամ երկուսը... չեմ բացառում, բայց վստահորեն ասում եմ՝ գոյություն չունի», - ասաց Օսիպյանը։

Նշենք, որ «Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էր ոստիկանապետից, թե կոնկրետ քայլեր ձեռնարկե՞լ է կոռուպցիոն երևույթներին վերջ դնելու համար։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալուց հետո, Ազգային անվտանգության ծառայությունը, հիշատակելով նաև ոստիկանությունը, հայտարարել էր, որ ավանդաբար կոռուպցիոն երևույթներում թաթախված մարմինները դադարեցրել են իրենց ապօրինի գործունեությունը։

Ճշտող հարցին, թե ստույգ ո՞ր ստորաբաժանումների մասին էր ԱԱԾ-ն հայտարարում, Օսիպյանը պատասխանեց. - «Ես ընդհանուր ասում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում։ Բայց նույն հաջողությամբ ասեմ՝ այո, կան նմանատիպ ստորաբաժանումներ, եղել են, բայց որ ասեմ ոստիկանությունում համատարած տարածված է եղել նման երևույթը, դա էլ ճիշտ չի լինի։ Հիմնականում այն ստորաբաժանումներն են, Դուք բոլորդ էլ գիտեք, որոնք առնչվում են քաղաքացիների հետ, հիմնականում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման մասին է խոսքը գնում»։

Ոստիկանապետը նշեց՝ միանշանակ, պատասխանատվության ենթարկվողներ կլինեն։

«Դրա համար ես նշեցի, որ մեկ կամ երկու իմ գործընկերները կլինեն, եթե չլինեն, փառք ու պատիվ իրենց։ Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ կապ չունի՝ դա կլինի ոստիկանության պետ Օսիպյանը, թե կրտսեր սերժանտ Օսիպյանը», - հայտարարեց նա:

«Ազատություն» հարցին, թե կարո՞ղ է վստահաբար պնդել, որ այս պահին համակարգում այլևս չկան կոռուպցիոն դրսևորումներ, չկան կոռումպացված ոստիկաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. - «Այո՛, մենք գծել ենք կարմիր գիծ, կարմիր գծից այս կողմ չկան։ Ամեն դեպքում իմ տեսադաշտում չկան, ես չեմ տիրապետում նման տեղեկությունների, եթե կան, կխնդրեմ ինձ օգնել, և ես շատ շնորհակալ կլինեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG