Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳ նախարարը այսօր սկսում է այցը ԱՄՆ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու

Այսօր պաշտոնական այցով Վաշինգտոն է ժամանում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, ամերիկյան մայրաքաղաքում նախատեսված է նախարարի հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:

Բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջն է, որն Անկարան փորձում է մաքրել Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդական ջոկատներից, որոնց ահաբեկչական խմբավորումներ է համարում:

Ավելի վաղ թուրքական դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել էր, թե «Անկարան և Վաշինգտոնը փոխըմբռնման են հասել սիրիական Մանբիջ քաղաքի հետագա ճակատագրի շուրջ», սակայն խոսքն առայժմ «ընդհանուր հայտարարի, այլ ոչ թե ֆորմալ պայմանավորվածության մասին է»:

Մևլութ Չավուշօղլուն մասնավորապես ասել էր, թե ամերիկյան կողմի հետ կարողացել են փոխըմբռնման հասնել այն հարցի շուրջ, թե ովքեր են վերահսկելու Մանբիջը, երբ քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերը» (YPG) կլքեն այդ շրջանը: Մանբիջում տեղակայված են նաև ամերիկյան ստորաբաժանումներ:

Չավուշօղլուի այցի նախաշեմին Վաշինգտոն է վերադարձել Թուրքիայի դեսպանը, որին Անկարան ետ էր կանչել՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Սպիտակ տան որոշման պատճառով: Երկշաբաթյա ընդմիջումից հետո՝ այսօր Սերդար Քիլիչը վերսկսելու է իր դիվանագիտական ծառայությունը:

Երկու երկրների ավանդական դաշնակցային հարաբերությունները վերջին շրջանում լարվել էին նախ Սիրիայի շուրջ տարաձայնությունների պատճառով՝ Անկարան մեղադրում է Վաշինգտոնին Սիրիայի քրդերին աջակցելու մեջ: Այդ լարվածությունը գագաթնակետին հասավ, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին:

Երկու երկրները նաև ընդհանուր հայտարարի չեն եկել Թուրքիայի նախագահի ընդդիմախոս Ֆեթուլահ Գյուլենի հարցում, ում Ռեջեփ Էրդողանի վարչակազմը համարում է երկու տարի առաջ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչ և ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG