Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ն մտահոգություն է հայտնում հունիսի 1-ի ծեծկռտուքի և դրան հետևած իրադարձությունների վերաբերյալ


Ստեփանակերտ, արխիվ
Ստեփանակերտ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

ԼՂ ՊՆ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ - «Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:

Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ և դրան հետևած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:

Հիշեցնենք, երեկ որպես բողոքի գործողություն, մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան սկսվել է, այն բանից հետո, երբ հունիսի 1-ին ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև:

Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, ոստիկանությունը չի մանրամասնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG