Գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը մտադիր է կուսակցություն հիմնել։ Անցած ամիս երկրից չբացակայելու ստորագրությամբ կալանքից ազատ արձակված ընդդիմադիր գործիչն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե կուսակցությունը կկոչվի «Հայ կառուցողական» և կունենա հստակ նպատակներ:
«Երկրի համար կան մի շարք կարևորագույն հարցեր։ Առաջինը, դա իրավապահ համակարգի ապաքրեականացումն է, երկրորդը տնտեսական ոլորտում խոշոր կապիտալի ապաքրեականացումը, երրորդը կառավարման համակարգի բարեփոխումն է, չորրորդը՝ կայուն զարգացման ծրագրերն են»,- ասաց Ղուկասյանը։
Կուսակցություն ստեղծելու որոշումը նա կայացրել է դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո։ Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղում 2016-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 29-ին նա կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին։ Մայիսի 7-ին Դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու՝ փաստաբանների միջնորդությունը:
Անդրիաս Ղուկասյանն այժմ ասում է, որ իր ստեղծած կուսակցությունը կմասնակցի առաջիկա արտահերթ խարհրդարանական ընտրություններին։ Պատրաստ է համագործակցել քաղաքական ուժերի հետ, հատկապես «Քաղաքացիական պայմանագրի» հետ, սակայն կգործեն որպես առանձին քաղաքական ուժ։ «Մենք ՔՊ-ին հակադրող դիրք չենք զբաղեցնի։ Բայց այն, ինչը բացակայում է իրենց ծրագրերում, մենք կլրացնենք»,- ասաց Ղուկասյանը։