Սուպերմարկետների այն հայտարարությունների առնչությամբ, թե օրենքի նախատեսած ռեժիմով հարկվելու դեպքում բյուջե կվճարեին 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչը կբերեր գյուղմթերքի թանկացման, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումն է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում․
«Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»:
ԱԱԾ ստուգումների վերաբերյալ նախօերին վարչապետին ուղղած նամակում իրենց մտահոգությունն էին հայտնել հայաստանյան 11 սուպերմարկետներ: Ողջունելով կառավարության կողմից տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը՝ դրանց ղեկավարները միաժամանակ պնդում են՝ եթե սուպերմարկետները գյուղմթերքը վաճառեին առանց անհատ ձեռներեցի կարգավիճակի, ապա բյուջե կվճարեին 20 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչը կբերեր գյուղմթերքի թանկացման։