Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Հայաստան - ԵՄ համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը


Այսօրվանից՝ 2018 թվականի հունիսի 1-ից, մեկնարկում է Հայաստան - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Համաձայնագիրը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական կսկսի գործել, երբ վավերացվի Եվրամիության անդամ 27 երկրների և Մեծ Բրիտանիայի կողմից: 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված փաստաթուղթն այս պահին վավերացրել են միայն մերձբալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանները: Սակայն Հայաստանի կողմից վավերացումը միայն արդեն բավարար է պայմանագրի ժամանակավոր կիրակակման համար:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում «համաձայնագրի մոտ 80 տոկոսը»․ - «Ակնկալել, որ հունիսի 2-ին մեր կյանքում որևէ բան կփոխվի, դա միամտություն է: Դա գործընթաց է, որ պետք է շարունակվի, և ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում այն հանձնառությունները, որոնք վերցրել են իրենց վրա կողմերը՝ Եվրամիություն և Հայաստանը, կյանքի կկոչվեն»:

Ե՞րբ և ի՞նչ կփոխվի շարքային քաղաքացու համար: Պապիկյանը հիշեցնում է, 2017-20 թվականների համար Եվրամիությունը Հայաստանին պատրաստ է ցուցաբերել 176 մլն եվրոյի աջակցություն, սակայն կոնկրետ փոփոխություններ արձանագրելու համար, փոխնախարարն առաջարկում է սպասել:

Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը միաժամանակ նշում է, որ 176 մլն եվրոն դեռ ամբողջը չէ: Ժողովրդավարական տեղաշարժերը Հայաստանում հնարավոր է ավելացնեն երկրին տրամադրվելիք աջակցությունը․ - «2018 թվականի ֆինանսական տարվա համար նախատեսվում է 36 միլիոն: Ներկայումս կա հնարավորություն, և ամենայն հավանականությամբ դա կավելացվի ևս 10 միլիոն եվրոյով: Բայց նույն սկբունքը կլինի՝ դա պիտի կիրառվի «ավելին ավելիի դիմաց»»:

Ֆինանսական աջակցությունը նախատեսվում է ուղղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, բարեփոխման կարիք ունեցող ոլորտներից առաջնայինը դատական համակարգն է․ - «Կառավարությունը ուզում է, բայց Կառավարությունը իրավունք չունի ուղղակիորեն ազդել դատական ինստիտուտների վրա: Էդ դեպքում կստացվի այն, ինչ եղել է Սերժ Սարգսյանի ժամանակ: Մեզ դա պետք չի, ու շատ լավ է, որ Կառավարությունն ասում ա՝ չենք միջամտի, թող սովորեն աշխատել ինքնուրույն: Այստեղ է, որ Եվրամիությունը մեզ կարող է լրջագույն աջակցություն տալ՝ և՛ պրոֆեսիոնալ, և՛, ամենակարևորը, ֆինանսական»:

Գրիգորյանն ընդգծում է, որ Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել նաև Հայաստանում տուրիզմի ենթակառուցվածքների ու թեթև արդյունաբերության զարգացմանը․ - «Եվրամիությունը այդ պայմանագրի հոդվածներից մեկում ստանձնեց պարտավորություն Հայաստանի առջև աջակցել Հայաստանում վերականգնելու մի շարք տրադիցիոն արդյունաբերական ճյուղեր: Գործարաններ փոքր, միջին վերականգնել»:

Փորձագետի կարծիքով, սարերի հետևում չէ նաև վիզաների ազատականացումը, սակայն դրա համար ԵՄ-ին որոշ երաշխիքներ են անհրաժեշտ․ - «Վիզաների հեշտացման հարցում գլխավորը իրենց արածը չի, մեր արածն ա: Ստեղ շատ կարևոր է մեր լոգիստիկան, սահմանների կառավարումը ուժեղացնենք, որ իրենք իմանան, որ սահմանները շատ հստակ աշխատում են, Հայաստանում օրենքը աշխատում է, հատել սահմանը անօրինական անհնար է: Դա կարևորագույնն է»:

«Ազատությունը» փորձեց պարզել, թե ինչպիսի սպասելիքներ ունեն հայաստանցիներն այսօրվանից ժամանակավորապես կիրարկվող Հայաստան - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գոծընկերության համաձայնագրից:

«Տենց չի, որ մի շաբաթում կզգա էդ փոփոխությունը իրա վրա քաղաքացին, բայց աստիճանաբար տեսնելով նկատելի փոփոխությունները, համոզված եմ, որ փուլ առ փուլ ամեն ինչ դեպի լավն ա գնալու», - ասաց միջին տարիքի մի երևանցի:

Հնչեց նաև այսպիսի կարծիք․ - «Ժամանակն ա, որ մենք կայուն պետություն լինենք, մենք ինքներս ստեղծենք, ոչ մեկից աջակցություն չսպասենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG